«Վայելում եմ կյանքի ցանկացած շրջան, հղիությունն՝ առավել եւս». Նազիկ Բաղդասարյանը՝ երկրորդ հղիության, երեխայի անվան ընտրության ու «Չնչիկ»-ի մասին (ֆոտո)

15:31   2 մայիսի, 2022

Դերասաններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանը սպասում են իրենց երկրորդ երեխային: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նազիկն ասաց, որ գտնվում է ամենաերանելի կարգավիճակում. «Զգացողություններս այլ են, երջանկության չափաբաժինը՝ նույնքան շատ»,-անդրադառնալով առաջին ու երկրորդ հղիությունների շրջանում ունեցած ապրումներին՝ նշեց դերասանուհին:

Ինչպես Նազիկն է ասում՝ այժմ հղիության ամենակարեւոր՝ երրորդ եռամսյակում է, ու կամաց-կամաց պատրաստվում է փոքրիկի հետ հանդիպմանը.

276272747_4908972169156203_1654065991039352293_n.jpg (98 KB)

«Հրաշալի եմ ինձ զգում, ես երբեք չեմ դժգոհում, այլ վայելում եմ կյանքի ցանկացած շրջան, իսկ հղիությունն՝ առավել եւս»:

Հայտնի ամուսինների առաջնեկը՝ Դանիելը, լույս աշխարհ է եկել 2013 թ-ին: Զույգը կրկին որդի է ունենալու, որին որոշել են Միքայել կոչել.

2AB358BA-84F9-40CD-B7F7-91276F510301.jpeg (109 KB)

«Անվան շուրջ մտածել ենք ընտանիքով, եւ Դանիելն իր մասնակցությունն է ունեցել ու իր կարծիքը հայտնել: Միքայել անունը միասին որոշեցինք, քանի որ վաղուց այդ միտքը կար, եւ հետո Դանիել եւ Միքայել անունները կածես, թե հրաշալի են հնչում»,-մանրամասնեց դերասանուհին, որն այս շրջանում էլ շարունակում է աշխատել նոր երգի շուրջ ու թատրոնում, սակայն նշում է, որ շուտով արդեն դադար կվերցնի:

Բոլորովին վերջերս էլ Նազիկի մասնակցությամբ «Չնչիկ» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում հաղթանակ գրանցեց: Ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմն էկրաններ է բարձրացել մոտ 17 տարվա աշխատանքից հետո, հետեւաբար դերասանական կազմից շատերն իրենց առաջին լուրջ քայլերն արել են հենց այդ ֆիլմում: Նազիկն էլ ֆիլմում նկարահանվելու շրջանում դեռ ուսանողուհի էր.

59FE7176-A5AB-45AB-A07B-5B5D78D4E63A.jpeg (106 KB)

««Չնչիկը» այն ֆիլմն էր, որին վաղուց էինք սպասել. ես 2-րդ կուրսի ուսանողուհի էի, երբ քասթինգի միջոցով ստացա դերն ու հնարավորություն ունեցա լինելու այդ հրաշալի ֆիլմի մի մասնիկը: Այս ֆիլմը կյանքս փոխեց, եւ հենց դրա շնորհիվ ես կարողացա տարբերել իսկական կինոն, լավն ու վատը: Ուղղակի, դիտեք ֆիլմը, եւ կհասկանաք, որ ունենք իսկական կինո, թերեւս վերջին հայկական ֆիլմը նկարահանած ժապավենի վրա»,-նշեց դերասանուհին, որի համար դերը հետաքրքիր էր, հատկապես, նրանով, որ իր կարիերայի ընթացքում առաջին բացասական կերպարն էր.

«Ես մարմնավորում էի Չնչիկի քրոջը, որը բավական չարացած աղջիկ է: Չափազանց հետաքրքիր աշխատանք է խաղալ այն, ինչ քեզ հետ կապ չունի: Կյանքումս շատ բան է փոխվել, շատ տեղեր եմ նկարահնվել, խաղացել, բայց այդ ֆիլմը հնարավորություն ինձ տվեց ավելի բարձր արժեքներ գնահատել ֆիլմարտադրության մեջ: Վախով եմ առաջին անգամ նայել ֆիլմը՝ կարծելով, որ, միգուցե, բացեր կունենամ խաղիս մեջ, չէ՞ որ ուսանող եմ եղել, ու առաջին փորձս է եղել նկարահանման, բայց հակառակը՝ հասկացա, որ ամեն բան շատ ճիշտ էր ու բնական: Այնուամենայնիվ, եթե խաղայի այսօր, լիովին այլ կերպ կներկայացնեի այդ կերպարը»:

9958A4A1-B793-4D2A-BC48-A9CBFD54A211.jpeg (100 KB)

Խոսելով իր առաջիկա նորությունների մասին՝ երգող դերասանուհին նշեց, որ շուտով նոր հոլովակ է ներկայացնելու իր լսարանին, իսկ մյուս նորությունների մասին պարզ կդառնա ամռանը՝ իր կյանքի այս շրջանի ամենակարեւոր իրադարձության՝ Միքայելի ծնունդից հետո:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE