«Եվրատեսիլի» պրոդյուսեր․ ռուսները 2022-ին չեն կարողանա քվեարկել մրցույթի ընթացքում

16:28   3 մայիսի, 2022

Ռուսները չեն կարողանա քվեարկել «Եվրատեսիլի» մասնակիցների օգտին, որը Թուրինում կսկսվի 2022թ․-ի մայիսի 10-ին։ Այս մասին հայտնել է մրցույթի գլխավոր պրոդյուսեր Կլաուդիո Ֆազուլոն։

«Մրցույթի ընթացքում քվեարկություն հնարավոր է միայն այն երկրներից, որոնք մասնակցում են դրան։ Ռուսաստանը, չմասնակցելով միջոցառմանը, չի կարող քվեարկել իր տարածքից»,- նրա խոսքերը մեջբերել է Gazeta.ru-ն։

Փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ 2022թ․-ին Ռուսաստանին հեռացրել են «Եվրատեսիլին» մասնակցությունից։ Կազմակերպիչները որոշումը պարզաբանել են նրանով, որ Ուկրաինայում աննախադեպ ճգնաժամի ֆոնին այս տարի ռուս թեկնածուների ներառումը «կվնասի մրցույթի վարկանիշին»։



© NEWS.am STYLE