Անդրեյ Ռոժկովը հիշել է, թե ինչպես է Ալեքսանդր Մասլյակովն ՈւՀԱ-ից հեռացրել «Уральские пельмени» թիմին

12:35   5 մայիսի, 2022

Ռուս հայտնի դերասան, «Уральские пельмени» կոլեկտիվի մասնակից Անդրեյ Ռոժկովը պատմել է թիմի՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբում հայտնվելու մասին։ YouTube-այն «Историс - Откройте, Давид» շոուի ընթացքում նա հիշել է, որ ՈւՀԱ-ի ղեկավար եւ հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը հայհոյել է իրենց ու դուրս արել նախագծից, սակայն հետո մտափոխվել է։ Ռոժկովի խոսքով՝ հաղորդման խմբագիրները «Уральские пельмени» թիմին նկատել են 1995թ․-ին Սոչիում ՈւՀԱ-ի փառատոնի ընթացքում։

«Թիմի մասնակիցներն այնքան էին ուրախացել ՈւՀԱ-ում հայտնվելու առիթով, որ նույն օրը հարբել էին։ Մենք չենք քնել ամբողջ գիշեր, ուրախացել ենք, պարել, երգել, մերկ լողացել լողավազանում, խելքի եկել միայն առավոտյան ժամը իննին, երբ հարկավոր էր գնալ գլխավոր փորձին»,- ասել է Ռոժկովը։

Փորձի ընթացքում թիմի ելույթն առաջին անգամ տեսել է Մասլյակովը։ «Նա նայեց մեզ ու սկսեց հայհոյել մեզ, բոլորին, խմբագիրներին։ Նա փորձառու մարդ է, տեսավ, որ ինչ-որ հարբեցողներ են եկել Ուրալից»,- մանրամասները բացահայտել է Ռոժկովն ու նշել, որ դրանից հետո ՈւՀԱ-ի հաղորդավարը թիմին հեռացրել է նախագծից։

Սակայն թիմի կողմն են բռնել հաղորդման խմբագիրները։ Ռոժկովի խոսքով՝ իրենք Մասլյավոկին համոզել են եւս մեկ անգամ դիտել «Уральские пельмени» թիմի ելույթը, երբ նրանք սթափ կլինեն։ Արդյունքում ՈւՀԱ-ի հաղորդավարը որոշել է թողնել թիմին։ «Դա հրաշք է։ Եթե նրանք չանեին դա, կյանքում ոչ մի «пельмени» չէր լինի»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE