Արեւիկ Գրիգորյանը՝ ամուսնության եւ «Հայաստանի Ձայնի» մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

22:07   12 նոյեմբերի, 2013

Ձեր կյանքում այս տարի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Ձեր եւ Բագրատի հարսանիքի մասին մանրամասներ կպատմե՞ք:

Այս տարի տեղի ունեցավ իմ կյանքի ամենակարեւոր իրադարձությունը. ես ամուսնացա: Մեր հարսանիքը կազմակերպել էինք ժամանակակից ոճով, բայց պահպանել էինք կարեւոր ավանդույթները: Պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը՝ Florida ռեստորանում: Մեր հարսանիքը լի էր երաժշտությամբ: Տարոսիկների, հրավիրատոմսերի եւ տորթի ձեւավորումը նույնպես երաժշտական էր: Ամեն ինչ ես եւ Բագրատն էինք արել, մեր նախասիրությամբ:

Իսկ մեղրամիսը հասցրե՞լ եք վայելել:

Երկուսս էլ հետաքրքրվել եւ սիրել ենք իսպանական մշակույթը, եւ մեղրամիսը վայելեցինք հենց Իսպանիայում: Հասցրեցինք տեսնել Մադրիդը, Բարսելոնան, մի քանի այլ քաղաքներ, տեսարժան վայրեր, այցելեցինք թանգարաններ: 

Բալիկներ ծրագրո՞ւմ եք: 

Բալիկների հարցում ոչինչ չենք ծրագրում: Աստված ինչպես եւ երբ կամենա:

«Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելը, կարծում եմ, եւս մեկ փոփոխություն է Ձեր կյանքում: Ինչպե՞ս որոշեցիք գնալ լսումների: Հենց սկզբից ուզո՞ւմ էիք Միքայել Պողոսյանի թիմում ընդգրկվել:

Սա առաջին հեռուստանախագիծն է, որին ես մասնակցում եմ: Մասնակցության ցանկություն առաջացավ, երբ համացանցով դիտում էի անգլիական The Voice-ը: Մարզչին ընտրեցի բեմում եւ չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց Միքայել Պողոսյանին:

Ինչպիսի՞ն է նա որպես մարզիչ:

Որպես մարզիչ Միքայելը շատ անմիջական է եւ ընկերական: Շատ պրոֆեսիոնալ է մոտենում ե՛ւ երգեցողությանը, ե՛ւ բեմական արվեստին:

Դուք վաղուց եք բեմում: Նախագծից դուրս մարզիչներին ճանաչո՞ւմ էիք: Եթե այո, այդ ի՞նչ դեր խաղաց «Ձայն»-ում:

Սկսել եմ երգել 7 տարեկանից, «Վաղորդյան կաթիլներ» մանկական երգչախմբում, այնուհետեւ տեղափոխվել են Jazzel խումբ: Երկու խմբերի գեղարվեստական ղեկավարն էլ Նաիրա Գուրջինյանն է, ում ես շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա սովորեցրել է ինձ եւ սովորեցնում է մինչեւ այսօր: Այդ երկար ճանապարհի ընթացքում մեզ բախտ է վիճակվել աշխատել Հայաստանի ճանաչված երգիչ-երգչուհիների հետ՝ որպես back vocal, որոնց թվում են Aram Mp3-ն, Արսեն Սաֆարյանը, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, ինչպես նաեւ Հայկոն եւ Շուշան Պետրոսյանը: Սակայն վերջինների հետ ծանոթ լինելը ոչ մի դեր չխաղաց, որովհետեւ որպես մեներգչուհի ինձ ոչ ոք չէր լսել: Շատ հաճելի էր, որ շրջվելուց հետո հիշեցին ինձ:

Ձեր վերջին մենամարտից եմ ուզում խոսել: Արեւշատը հարցազրույցում նշեց, որ «կարողանում է կարդալ տողերի արանքում եւ գիտեր, թե ինչպես կավարտվի ամեն ինչ»: Արդյո՞ք «Հայաստանի ձայնն» այդքան կանխատեսելի է, թե՞ նա էր թույլ մրցակից: 

Մենամարտի արդյունքներն ինձ համար անկանխատեսելի էին, եւ ես շատ շնորհակալ եմ Միքայել Պողոսյանին, որ որպես մրցակից ինձ համար ընտրել էր ուժեղ եւ փորձառու երգչի: 

Հաղթակա՞ն եք տրամադրված:

Տրամադրված եմ հաղթական: Ունեմ նպատակ, ինչի համար էլ մասնակցում եմ նախագծին:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE