«Եվրատեսիլում» Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող երգչուհին ներողություն է խնդրել երկրի դրոշը նետելու համար

18:11   10 մայիսի, 2022

«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող երգչուհի Andrea-ն ներողություն է խնդրել, որ մրցույթի բացման արարողության ընթացքում նետել է իր երկրի դրոշը։

«Ես անկեղծորեն զղջում եմ ամենի համար, ինչ տեղի է ունեցել եւ ներողություն եմ խնդրում հապշտապ որոշման համար։ Իմ մտադրությունը վատը չի եղել։ Ինձ համար մեծ պատիվ է Թուրինում ներակայացնել Հյուսիսային Մակեդոնիան։ Ես մոտակա օրերին կշարունակեմ հպարտորեն ծածանել մակեդոնական դրոշը»,- սոցիալական ցանցերում գրել է արտիստը։

Մակեդոնական հեռարձակողին զայրացրել է այիսի 8-ին՝ «Եվրատեսիլի» փիրուզագույն գորգին ֆոտոշարքի ընթացում, Andrea-ի վարքագիծը։ Անդրեան լուսանկարվելիս է եղել՝ Հյուսիսային Մակեդոնիայի դրոշը ձեռքին, սակայն մի քանի լուսանկարից հետո այն նետել է դեպի իր թիմի անդամներից մեկը։ Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հեռուստաընկերությունը «վճռականորեն դատապարտել» է երգչուհու գործողություններն ու դիտարկել նրան մրցույթին մասնակցությունից հետ կանչելու հավանականությունը։

«Պետական ծառայությունը ոչ մի կերպ չի աջակցում «Եվրատեսիլում» մեր ներկայացուցչի այդ սկանդալային պահվածքին, որն այդ ժեստով ցույց է տվել հարգանքի բացակայությունն ազգային սիմվոլի հանդեպ։ «Նման վարքագիծը պատժվում է օրենքով (Հյուսիսային Մակեդոնիայում)»,- ասված է MRT-ի հաղորդագրությունում։

 



© NEWS.am STYLE