««Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տարբերվող է լինելու». Մալենայի եւ Հայաստանի պատվիրակության ղեկավարների ասուլիսը՝ Թուրինում

23:08   10 մայիսի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության անդամները քիչ առաջ ասուլիս են ունեցել Թուրինում, որի ընթացքում Հայաստանին հաղթանակ բերած երգչուհին խոսել է մրցույթում իր ձեռքբերումներից եւ առաջիկա նորություններից: Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ու Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի ղեկավար Աննա Օհանյանը նաեւ պատմել են Երեւանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթից:

Լրագրողները Մալենայից հետաքրքրվել են, թե ինչ զգացողություններ ունի իրեն եւ Հայաստանին պարգեւած հաղթանակից հետո: Երգչուհին պատասխանել է, որ երկար ժամանակ դժվարանում էր հավատալ այդ իրողության ճշմարտացիությանը:

«Ես երբեք չեմ մոռանա այդ բեմում իմ ապրումները, դրանք անհավանական էին: Երբ մարդիկ երգում էին երգս, չէի կարողանում հավատալ, որ նրանք հենց իմ երգն են կատարում, որ հիմա շատերն են ինձ ճանաչում: Երբ երգը հայտնվեց TikTik-ում, իմ էջում երեւացող ամեն երկրորդ տեսանյութը հենց դրա ներքո էր արված, ինչը շատ ոգեւորիչ էր»,-նշել է նա՝ հավելելով, որ մրցույթն իրեն բացի ճանաչումից տվել է նաեւ ինքնավստահություն ու հավատ սեփական ուժերի նկատմամբ:

«Մանկական Եվրատեսիլ»-ի շրջանակում Հայաստան այցելողներին Մալենան խորհուրդ է տվել օգտվել հնարավորությունից եւ անպայման տեսնել Գառնու հեթանոսական տաճարը:

280061576_1178325866449577_7882360276058423368_n.jpg (275 KB)

«Այն, պարզապես, ֆանտաստիկ տեղ է: Ես պաշտում եմ այդ վայրը: Իհարկե, սա իմ կարծիքն է, իսկ եթե դուք որոնեք համացանցում, կհասկանաք, որ, առհասարակ, Հայաստանում մի շարք սքանչելի վայրեր կան, որոնք անպայման պետք է տեսնել»:

Հարցին՝ արդյոք կցանկանա՞ր մասնակցել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին, Մալենան պատասխանել է, որ այժմ, երբ Թուրինում է, էլ ավելի ոգեշնչված է այս մրցույթով:

«Կարծում եմ՝ այո, ես կցանկանայի կրկին լինել այս մրցույթում: Սա հրաշալի փորձ է: Այնուամենայնիվ, անկեղծորեն կասեմ, որ այս մեծ բեմն ինձ փոքր-ինչ վախեցնում է այժմ, բայց համոզված եմ՝ այս հուզմունքը կհաղթահարեմ ժամանակի ընթացքում»:

15-ամյա երգչուհին տեղեկացրել է, որ իր երկրպագուների համար ունի նորություններ:

«Պատրատվում եմ համագործակցել Ռոզա Լինի հետ: Ես շատ եմ նրանով հպարտանում, եւ իմ հաջորդ երգի բառերի շուրջ միասին ենք աշխատելու: Այնպես որ, սպասեք դրան: Ես դիտել եմ Ռոզայի փորձերը, ու կարծում եմ՝ նա հրաշալի աշխատանք է տանում»:

Լրագրողները հետաքրքրվել են նաեւ Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մանրամասներից:

280207911_402604791732865_9209401590171200616_n.jpg (251 KB)

««Մանկական Եվրատեսիլ 2011»-ը շատ լավ փորձ էր մեզ համար, որն օգնեց հասկանալ, թե ինչպես կարող ենք անմոռանալի դարձնել այս իրադարձությունը Հայաստանում: Այս տարի ամեն ինչ տարբերվող կլինի, հիմա ամբողջությամբ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք, եւ շուտով դուք կտեսնեք, թե ինչպիսին է այն լինելու: Հավելեմ, որ անցկացման վայրը նույնն է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը վերաձեւավորվելու է, որպեսզի է´լ ավելի հարմարավետ լինի թե´ արտիստների, թե´ հանդիսատեսի համար»,-նշել է Աննա Օհանյանը:

Դավիթ Ծերունյանը հավելել է, որ Հայաստանը շոուի անցկացման հարցում համագործակցելու է նաեւ միջազգային փորձ ունեցող գործընկերների հետ:

Հարցին՝ արդյոք ադրբեջանցի լրագրողներին թո՞ւյլ կտրվի մասնակցել Հայաստանում կայանալիք մրցույթին, եւ որքանո՞վ նրանց անվտանգությունը պաշտպանված կլինի, «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը պատասխանել է, որ այդ մասին դեռ խոսելը վաղ է, ամեն ինչ պետք է քննարկվի Եվրոպական հեռարձակողների միության հետ համատեղ:

Ինչ վերաբերում է շոուին Մալենայի մասնակցությանը, Աննա Օհանյանը վստահեցրել է, որ Հայաստանին հաղթանակ բերած երգչուհին, միանշանակ, ներառված է լինելու Երեւանում կայանալիք շոուին, իսկ թե ինչ դերով, Հանրային կապերի ղեկավարը խոստացել է բացահայտել առաջիկայում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE