Անաստասիա Վոլոչկովան մոսկովյան մետրոյում ցնցել է 30 նստում վարժությամբ

11:03   13 նոյեմբերի, 2013

Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան, հայտնվելով մոսկովյան մետրոյում, զարմացրել է բոլորին: Նա մետրո է մտել եւ մեկ տոմսի համար բալետային 30 խորը նստում կատարել: Այս մասին տեղեկացնում է «Дни» պարբերականը:

Այդ կերպ աստղը որոշել է աջակցել ապորտային ակցիային, որը համապատասխան թվով նստում վարժության դեպքում մետրոյի մեկ տոմս է նախատեսում:

Պարուհին կարողացել է ոչ միայն կատարել նորման, այլեւ գերազանցել է իր շուրջը հավաքված բոլոր մրցակիցներին: Ընդ որում, Վոլոչկովայի նստումները պարզունակ չեն եղել, քանի որ գրան-պլիեի ժամանակ անհրաժեշտ է ծնկներն առավելագույնս հեռացնել միմյանցից՝ կրունկները միայն թեթեւակիորեն կտրելով հատակից:

Այսպիսով, Անաստասիան ստացել է օլիմպիական խորհրդանիշով մետրոյի տոմսը: Իհարկե, նա այդպես էլ մետրո չի նստել, այլ դուրս գալով՝ հեռացել է իր Lexus-ով: Մինչ այդ, Նաստյան հասցրել է լուսանկարվել անվտանգության պահպանության աշխատակիցների հետ եւ նկարը հրապարակել Instagram-ում:

 

«Չէի կարող չաջակցել»,- «սպորտային ակցիա»-ին իր մասնակցությունը մեկնաբանել է Վոլոչկովան:

Նշենք, որ Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախաշեմին նոյեմբերի 8-ին Մոսկվայի մետրոպոլիտենում արտասովոր սարք է դրվել, որը տոմս է տալիս 30 նստում վարժության դեպքում: Այն մետրոյում կմնա մինչեւ դեկտեմբերի 3-ը:



© NEWS.am STYLE