«Պրեմիերայի էի գնացել». ինչ-որ բան պակասում է. «Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիտիեզերքում» (առանց սփոյլերի)

14:15   12 մայիսի, 2022

Դոկտոր Սթիվեն Սթրենջի արգելված կախարդանքը դռներ է բացում դեպի մուլտիտիեզերք: Այլընտրանքային տարբերակները մարդկության համար վտանգավոր են դառնում  նույնիսկ այն դեպքում, երբ  Սթրենջը, Վոնգը և Վանդա Մաքսիմոֆը միավորել են  իրենց ուժերը:

«Խելագարության մուլտիտիեզերքը», անկասկած, «Սարդ մարդ։ Տունդարձի ճանապարհ չկա»-ից հետո ստուդիայի ամենաինտրիգային ֆիլմերից մեկն է:  

Որքանո՞վ է  հեղինակներին հաջողվել  արդարացնել հանդիսատեսի սպասելիքները։

Եկեք պարզենք դա։

«Ֆինալ»-ից հետո հանդիսատեսը Marvel-ի յուրաքանչյուր նախագծից արդեն ակնկալում է ինչ-որ մեգաէպիկական բան, ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ ստուդիայի մյուս ֆիլմերին, որոնք, իհարկե, կինոտիեզերքի մաս են կազմում։ Բայց դրանք, առաջին հերթին, պետք է լինեն անկախ ֆիլմեր, հետևաբար հանդիսատեսը կարիք չունի սեփական ուռճացված սպասումների զոհը դառնալու։

s1-2.jpg (50 KB)

Ֆիլմը բավականին դինամիկ է, արագ տեմպը թույլ չի տալիս ձանձրանալ։ Այնուամենայնիվ, այն ակնհայտորեն չունի խորություն, որպեսզի հիշվի որևէ ավելի էական բանի համար: Նույն «Տունդարձի ճանապարհ չկա»-ն ցույց տվեց ավելի անձնական դրամա։

Ֆիլմի սցենարը տեղ-տեղ անհավասար է, տեղ-տեղ հստակ նկատվում են սյուժեի անցքեր։ Ավելին, ունենալով ստեղծագործության այդքան ծավալուն շրջանակ՝ ի դեմս մուլտիտիեզերքի, այս ֆիլմի հեղինակները բացահայտեցին այս գաղափարը չափազանց «տեղական», այլ ոչ էպիկական և մեծ մասշտաբով, ինչպես շատերն էին սպասում:

Երկրորդ Դոկտոր Սթրենջի ֆիլմը նկարահանել է Սարդ-մարդը եռերգության ռեժիսոր Սեմ Ռեյմին։

Մաեստրո Ռեյմին անկրկնելի է․ նրա բեմադրությունը բարձրակարգ է, ռեժիսուրայի հետ կապված դժգոհություններ չկան և չեն կարող լինել։ Ինչքան էլ այս ֆիլմը ստուդիայի նախագիծ լինի, այնուամենայնիվ, հստակ  երևում է ռեժիսորի ոճը։

s2-2.jpg (56 KB)

Ժապավենի սարսափ տարրերը, որոնք Ռեյմին բերել է իր հետ, իսկապես սահմռկեցուցիչ են, վախեցնող, դիտարժան և դաժան։

Ֆիլմի անվերապահ զարդարանքը Էլիզաբեթ Օլսենի խաղն է։ Հենց նրա դերասանական տաղանդն է, որ թույլ չի տալիս հանդիսատեսին  կախվել սցենարի բացթողումներից և սյուժեի անցքերից:

Բենեդիկտ Քամբերբեթչը, ինչպես միշտ, ֆիլմում իր դերում փայլում է ամեն րոպե՝  ճնշելով ամեն ինչ և ամենքին իր հոյակապ խաղով և խարիզմայով։

s3-2.jpg (55 KB)

Բայց բոլոր առավելությունների  հետ մեկտեղ ֆիլմը շատ թերություններ ունի, որոնցից ամենամեծը տևողությունն է: Երկու ժամը, ինչպես պարզվեց, շատ քիչ է՝ ամբողջությամբ ցուցադրելու, պատմելու և բացատրելու համար այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին։ Ամեն ինչ ճիշտ իր տեղը դնելու համար ֆիլմին կարծես պետք է ևս 30ր ժամանակ։

Երկրորդ թերությունն այն է, որ որոշ կերպարներ ներկայացվեցին զուտ որպես սցենարային գործիք: Նրանք պարզապես կատարում են մեկ գործառույթ, թեև պարզ երևում է, որ նրանց մեջ ավելի շատ ներուժ է դրված, քան մեզ ցույց տվեցին։

Արդյունքում՝ եթե ​​խոսենք ֆիլմի մասին ամբողջությամբ, ապա խորհուրդ ենք տալիս նվազեցնել ձեր սպասելիքները ժապավենի հանդեպ։ Այն  հեռու է գլուխգործոց լինելուց, չի հանդիսանում կինոկոմիքսների խորհրդանիշ և   կինոտիեզերքի առաջնորդող աստղ չէ: Այն Marvel-ի միջին դասի հորոր դրամա է: Սակայն Սեմ Ռայմիի աշխատանքի շնորհիվ այս ֆիլմը հիանալի տեսք ունի։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE