Անդրեյ Զվյագինցեւն առաջին անգամ պատմել է ծանր ընթացք ստացած կորոնավիրուսային հիվանդության մասին

19:11   13 մայիսի, 2022

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւն առաջին անգամ պատմել է ծանր ընթացք ունեցած կորոնավիրուսային հիվանդության մասին։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է «Радио Долин» YouTube-յան ալիքում։

«Ամեն ինչ սկսվեց «Սպուտնիկ» պատվաստանյութից։ Ես առաջին դեղաչափը ստացել եմ հունիսի 15-ին, իսկ արդեն հուլիսի 1-ին կլինիկայում էի, 8-ին՝ վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է ռեժիսորը։ Նա պարզաբանել է, որ չգիտի՝ արդյոք պատվատո՞ւմն է առողջական խնդիրների պատճառ դարձել։ Բժիշկները ենթադրում են, որ պատվաստման ընթացքում նա արդեն իսկ կորոնավիրուսով վարակված է եղել, այդ պատճառով էլ հիվանդությունը ծանր ընթացք է ստացել։

«Սեպտեմբերի վերջին ինձ դուրս բերեցին կոմայից։ Դա շատ հետաքրքրական ընթացք էր, քանի որ ես տեսիլքներ եմ ունեցել։ Ես անկյունում ինչ-որ մարդկանց էի տեսնում, նրանց խնդրում գնալ։ Դա հարկավոր է զգալ․ վերապատմել հնարավոր չէ։ Երբ գիտակցության եկա, հասկացա, որ ձեռքերս ինձ չեն ենթարկվում։ Առարկաներն ընկնում էին ձեռքերիցս։ Ես չէի կարողանում ուտել, ինձ կերակրում էին բուժքույրերը»,- հիշել է նա։

Զվյագինցեւի մոտ պոլինեյրոպաթիա է ախտորոշվել, սակայն բժիշկների ջանքերի արդյունքում վերականգվել են շարժվելու, խոսելու եւ ինքնուրյուն սնվելու ունակությունները։ Ռեժիսորն ինտենսիվորեն ֆիզիոթերապիա է անցնում, սովորում կրկին քայլել բուժական մարզասարքերի միջոցով։

 



© NEWS.am STYLE