Ուժեղ եւ անկախ կնոջ կանոնները

21:12   17 մայիսի, 2022

Մի սպասիր. գործիր

Ցանկացած, նույնիսկ աննշան քայլն առաջ ավելի արդյունավետ է, քան անիմաստ սպասումները: Հարցազրույցից հետո չե՞ն զանգում: Ինքդ զանգիր եւ իմացիր, թե երբ որոշում կկայացնեն:  Ընկերդ չի՞ կարողանում որոշել հանգստյան օրերին ինչով զբաղվել: Ինքդ պլանավորիր քո հանգիստը, նրանից անկախ: Երկար ժամանակ է` չե՞ս կարողանում պաշտոնի բարձրացում ստանալ: Այլ ընկերություններ դիտարկիր կամ էլ կից հաստիքներ: Ավելի լավ է բազմաթիվ տարբերակներ փորձել եւ չստանալ ցանկալին, քան ընդհանրապես ոչինչ չանել: Ոչ ոք քեզ համար ավելին չի անի, քան դու ինքդ:  

Մի մտածիր, թե քեզ ինչպես են գնահատում: Ինքդ գնահատիր 

Մեծ հաճույք չէ` սրճարանում նստել ժամադրությանը եւ ինքդ քեզ հարց տալ.  «Ես նրան դուր գալի՞ս եմ»: Դու հավանաբար նկատել ես, որ տղամարդիկ հաճախ չեն դիտարկում այն հնարավորությունը, որ իրենք կարող են դուր չգալ: Այնպես որ, լիցքաթափվիր, հենվիր աթոռի թիկնակին եւ գնահատիր քո երկրպագուին բոլոր չափանիշներով: Միաժամանակ կորոշես` նա քեզ հետաքրքիր է, թե ոչ: 

Ցանկալին իրականության տեղ մի անցկացրու 

Պատկերացրու, թե ինչքան ժամանակ կարելի է խնայել, եթե այն չծախսես տղամարդու համակրանքի ազդանշանները վերծանելու վրա: Ի՞նչ տարբերություն, թե նա ինչպես է նայել եւ բութ մատն արդյոք դրել է տաբատի գոտուն, եթե մինչեւ հիմա չի զանգել եւ չի առաջարկել հանդիպել: Կանանց սերունդների կողմից ստուգված աքսիոմ է. կամ չի ուզում, կամ` մահացել է: Ամենալավ տրամադրվածությունը   հանգիստ լավատեսությունն է եւ տրամադրության ցատկերի բացակայությունը ինչ-որ մեկի զանգերի կամ դրանց բացակայության պատճառով:  

Կարողացիր բարձրացնել տրամադրությունդ

Քեզ թույլ մի տուր թթվել նրա համար, որ վերադասը դիտողություն է արել ուշացման համար, տարեց կինը տրանսպորտում անտաշություն է թույլ տվել, իսկ ընկերուհին քննադատել է նոր սանրվածքը:  Այլ մարդիկ չպետք է բացասաբար ազդեն քո հուզական վիճակի վրա եւ խարխլեն քո ինքնագնահատականը: Տոնուսդ պահելու համար մտքումդ պահիր քեզ ուրախացնող բաների ծանրակշիռ ցուցակ. տաք լոգանք գրքով, մի բաժակ սուրճ օշարակով, այցելություն լողավազան կամ էլ ոտքի եղունգների հարդարում: Անհաջողությունները հաճույքով փոխհատուցիր: 

Ինքդ քեզ մի զոհաբերիր

Ինքդ քո հանդեպ սերը քո կյանքում ցանկացած հարաբերությունների առաջին աստիճանն է:  Մի սպասիր, թե ուրիշները քեզ ավելի շատ կսիրեն, քան դու ինքդ ես սիրում: Մարդու կյանքում ամենաթանկ հարաբերությունները ինքն իր հետ հարաբերություններն են: Կարեւոր է եւ այն, թե ինչ ես մտածում քո մասին: Չի կարելի առավոտյան քեզ հուզական առումով հարմարավետ զգալ, եթե անցած երեկոյան դու մինչ ուշ ժամ նստել ես աշխատասենյակում` ուրիշի աշխատանքն անելով: Երբ չես ուզում ինչ-որ բան անել, քաղաքավարի կերպով մերժիր եւ կզգաս, թե ինչ է նշանակում   «ուսերից լեռ ընկնելը» եւ «հոգում թեթեւությունը»:

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE