Maneskin խումբը ձայնագրել է Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի սաունդթրեքը

20:12   15 մայիսի, 2022

Եվրատեսիլ 2021-ի հաղթող իտալական Maneskin խումբը ձայնագրել է ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի Էլվիս Փրեսլիի կենսագրական ֆիլմի սաունդթրեքը, հայտնում է Variety-ն։

«Մենք հսկայական կապ զգացինք [Էլվիսի հետ] եւ որոշեցինք օգտվել հնարավորությունից: Մենք շատ հպարտ ենք մեր ստեղծածով եւ անհամբերությամբ սպասում ենք ֆիլմի պրեմիերային»,- ռեժիսորի հետ աշխատելու մասին ասել է խմբի մենակատար Դամիանո Դավիթը։

 Կենսագրական ֆիլմը պատմում է Էլվիսի կարիերայի սկզբի եւ համաշխարհային մակարդակի աստղի վերածվելու մասին։ Ֆիլմում շոշոփվում են նաեւ Փրեսլիի եւ նրա մենեջեր Թոմ Փարքերի հարաբերությունները։

«Էլվիս»-ի ռեժիսորը Բազ Լուրմանն է։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Օլիվիա ԴեՋոնգը, Քոդի Սմիթ-Մակֆին եւ այլք։ Փրեսլիի այրին՝ Պրիսցիլան անցյալ շաբաթ իր հիացմունքն է արտահայտել ֆիլմի եւ գլխավոր դերակատարի հանդեպ։

«Էլվիս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում՝ արտամրցութային կարգով։



© NEWS.am STYLE