Մանիպուլյացիա, մրցույթի կանոնների խախտում․ Ադրբեջանն ու եւս 5 երկիր հեռացվել են «Եվրատեսիլ»-ի ժյուրիի կազմից

21:03   15 մայիսի, 2022

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի ժյուրիի քվեարկության ժամանակ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ երկրորդ կիսաեզրափակիչում վեց երկրների ազգային ժյուրիները դուրս են մնացել մրցույթից, գրում է eurovision-contest.ru-ն։

«Եվրատեսիլ 2022»-ից դուրս մնացած վեց ազգային ժյուրիները հետեւյալ երկրներից են` Ադրբեջան, Վրաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո։ 

«EBU-ն շատ լուրջ է վերաբերում Եվրատեսիլ երգի մրցույթում քվեարկությունը մանիպուլյացիայի ենթարկելու ցանկացած ենթադրյալ փորձին եւ իրավունք ունի հետ կանչել այդ ձայները՝ քվեարկության պաշտոնական հրահանգներին համապատասխան՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք այդ քվեարկությունները կարող են ազդել արդյունքների վրա», - ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 14-ի երեկոյան Թուրինում կայացել է Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի եզրափակիչը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ 631 միավորով։ Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան (466 միավոր), Իսպանիան երրորդն է (459 միավոր): Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը։ Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 40 երկիր, որոնցից միայն 25-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ:



© NEWS.am STYLE