Netflix-ը հայտարարել է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի մասին

23:12   16 մայիսի, 2022

Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։ Մանրամասներ, թե կոնկրետ ինչ պատմություններ կներկայացվեն սերիալի վեցերորդ եթերաշրջանում, դեռ չեն հաղորդվում: Թողարկման ամսաթիվը նույնպես չի նշվում:

«Սեւ հայելին» բրիտանական գիտաֆանտաստիկ անթոլոգիայի շարք է, որն ուսումնասիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա: Յուրաքանչյուր սերիա առանձին պատմություն է՝ նախորդների հետ կապ չունեցող: Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 4-ին Channel 4 հեռուստաալիքով, իսկ ավելի ուշ գնվել է Netflix-ի կողմից։



© NEWS.am STYLE