Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» կատակերգությունը գլխավորել է ռուսական վարձույթը

22:12   16 մայիսի, 2022

Ռուսական «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ժապավենը երկրորդ շաբաթն անընդմեջ դարձել է ռուսական ֆիլմերի դիստրիբյուցիայի առաջատարը, հայտնում է kinobusiness.com-ը։

Կինոնկարը հավաքել է 24 միլիոն 200 հազար ռուբլի, իսկ մեկ այլ ռուսական կատակերգություն՝ «Ботан и супербаба» տոմսարկղում երկրորդ հորիզոնականում է՝ 17 միլիոն 300 հազար ռուբլի։ ԱՊՀ երկրներում առաջատար է «Դոկտոր Սթրեյնջ. խենթության բազմաշխարհում» կոմիքսների կինոադապտացիան, որը Ռուսաստանում եւ Բելառուսում վարձույթում չի հայտնվել։

«Արտեկ. մեծ ճանապարհորդություն»-ը Կարեն Զախարովի եւ Արմեն Անանիկյանի ռուսական կատակերգական ֆիլմն է, որը թողարկվել է 2022 թվականի ապրիլի 28-ին։ Գլխավոր դերում՝ Միխայիլ Գալուստյանն է։

Սյուժեի համաձայն՝ չորս դեռահասներ, որոնք հարաբերություններ չունեն ծնողների հետ, գնում են ճամբար հանգստանալու։ Ցանկությունների կախարդական ծառը գլխավոր հերոսներին տանում է 30 տարի առաջ՝ 1988 թ.։ Նրանք հանդիպում են ծնողների հետ, որոնք այն ժամանակ եւս հանգստացել են Արտեկում։ Նրանք միասին պետք է իրենց ճանապարհը գտնեն դեպի մեր ժամանակներ եւ զուգահեռաբար կառուցեն հարաբերություններ։



© NEWS.am STYLE