Ինչպես առանց ջանքերի շաբաթական 600 կալորիա այրել

20:12   13 նոյեմբերի, 2013

Կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում մարզասրահի համար ժամանակ չի մնում: Բժիշկ դիետոլոգները պատմել են, թե նստակյաց աշխատանք ունեցողներն ինչպես կարող են խուսափել գիրանալուց: Նրանք հաշվարկել են, որ տեղում մեկ ժամ պարզապես կանգնելով կարելի է 400 կալորիա այրել: Այդ օրգանիզմին թույլ կտա ընդմիջմանը մեկ կտոր ավելի շատ պիցցա «վաստակել»:

Մասնագետները 10 կամավորի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Ըստ պայմանավորվածության, կամավորներն աշխատավայրում մեկ շաբաթվա ընթացքում 3 ժամ կանգնել են: Պարզվել է, որ յուրաքանչյուր ժամում 42 կալորիա ավելի է այրվել, այսինքն՝ այդ մարդիկ շաբաթական լրացուցիչ 630 կալորիա են այրել: Բացի այդ, փորձագետները կամավորների մոտ սրտի աշխատանքի բարելավում եւ մկանային տոնուսի բարձրացում են արձանագրել:

Սրանից ելնելով՝ գիտնականները խորհուրդների ցանկ են մշակել, որոնք սեղանի առջեւ երկար նստող մարդկանց կօգնեն մեծացնել շարժողական ակտիվությունը: Նախ՝ աշխատանքի մեջ ոչինչ չփոխելու համար պետք է սկսել տանից: Օրինակ`կանգնած հեռուստացույց դիտել: Այն մարդիկ, ովքեր աշխատանքի են գնում հասարակական տրասպորտով, պետք է հրաժարվեն այդ ընթացքում նստել: Եվս մեկ հնարք է սնունդը, օրինակ՝ աղցանը կանգնած պատրաստելը, ինչը թույլ կտա օրգանիզմը հագեցնել լրացուցիչ օգտակար նյութերով:

Տանը կենցաղային խնդիրները լուծելուց հետո պետք է զբաղվել աշխատավայրում ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելով: Հետաքրքիր տարբերակ է կարեւոր փաստաթղթերի համար նախատեսված դարակը, որը հաճախ է պետք գալիս աշխատանքի ընթացքում, սեղանից հեռու դնելը: Այդ դեպքում ստիպված կլինեք անընդհատ կանգնել, որպեսզի վերցնեք եւ նորից տեղը դնեք դրանք, ինչն էլ կավելացնի ֆիզիկական ակտիվությունը: Իսկ հնարավորության դեպքում կանգնած աշխատելու համար նախատեսված սեղան վերցրեք:

Ակտիվության այսպիսի ռեժիմ ապահովելու դեպքում կարելի է ինքնուրույն հաշվել, թե քանի կալորիա եք կարողացել այրել: Համադրելով այն օգտագործված սննդի էներգետիկ արժեքի հետ, կարելի է սննդակարգն այնպես ծրագրել, որ ավելորդ քաշն աստիճանաբար նվազի:

Մասնագետների հաշվարկներով, գրասենյակային աշխատողները, ովքեր իրենց համար կկարողանան այսպիսի ֆիզիկական ակտիվություն ապահովել, կարող են ոչ պակաս չափով կալորիա այրել, քան նրանք, ովքեր շաբաթական երկու անգամ մարզասրահ են հաճախում:

Աղբյուրը՝ http://www.raut.ru/#mce_temp_url#



© NEWS.am STYLE