«Սա յուրահատուկ հաղթանակ է մեր մշակութային կյանքի համար». Անի Առուշանյանը՝ World Piano Teachers Association-ի հայաստանյան նախագահ

15:25   18 մայիսի, 2022

Դաշնակահարուհի եւ արվեստագիտության թեկնածու Անի Առուշանյանն ամիսներ առաջ ստանձնել է Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers Association) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ դաշնակահարուհին պատմել է, թե որքանով է այդ իրողությունը կարեւոր ձեռքբերում թե´ իր, թե´ Հայաստանի մշակութային կյանքում:

Անին երաժշտությամբ հետաքրքրված է եղել դեռ վաղ մանկությունից. 6 տարեկանում արդեն մասնակցում էր մրցույթների ու հանդես գալիս մենահամերգներով: Դաշնակահարուհին հաճախ իր էմոցիաները պատկերում էր նկարչության օգնությամբ, թեեւ պատմում է, որ այսօր հազվադեպ է վրձինը ձեռքը վերցնում:

image0 (1).jpeg (7.58 MB)

Անին մենահամերգներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում եւ Պորտուգալիայում: Դաշնակահարուհին արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվում՝ ՀՀ Մշակույթի նախարարի «Ոսկե մեդալ» պատվավոր շքանշանի:

WPTA-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնը հայ դաշնակահարուհին ստանձնել է WPTA դաշնամուրային միջազգային մրցույթի նախագահ Դորիան Լելյակից. նրա խոսքով՝ ասոցիացիայում հայտնվելն իր համար որքան անակնկալ է եղել, նույնքան էլ՝ սպասելի.

image0.jpeg (6.36 MB)

«Առաջարկն ընդունեցի առանց վայրկյան անգամ վարանելու: Կարծում եմ՝ մեր հայրենիքին պատուհասած հարվածից հետո սա յուրահատուկ հաղթանակ է, հատկապես, հայաստանյան մշակութային կյանքի համար:
Նոր ենք սկսում մեր աշխատանքը, բայց հստակ նախագծեր կան արդեն Իտալիայի եւ Իսպանիայի մասնաճյուղերի հետ՝ կազմակերպել վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում՝ աշխարհահռչակ եւ կայացած երաժիշտների հետ: Սա խթանող մեծ քայլ է մերօրյա հայ դաշնակահարների համար: Այս ասոցիացան կարեւոր ձեռքբերում է դասական երաժշտության տարածման ու հանրայնացման գործում, նաեւ՝ դաշնակահար-մանկավարժների որակավորման, վերապատրաստման բացառիկ միջազգային հարթակ: WPTA-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահությունը ստանձնելը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար»,-ասում է նա:

image1-1.jpeg (4.84 MB)

Գուցե, շատերը կարծեն, որ դասական երաժշտությունը մեր օրերում կորցնում է իր հետաքրքրությունը երիտասարդների շրջանում, սակայն Անին չի կիսում այդ կարծիքը: Նրա խոսքով՝ դասականը չի կարող զիջել դիրքերը, քանի որ հենց դասական արվեստն է օգնում մեզ հետ չմնալ կյանքից.

 ««Դասական երաժշտություն» հասկացությունն այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից եւ ինչպես մենք սովոր ենք ընկալել այս տերմինը։ Այն անցել է դարերի փորձությունը եւ չի կորցրել իր արդիականությունը մեր ժամանակներում։ Դասական երաժշտությունը շարունակում է ապրել ժամանակակից աշխարհում՝ զուգահեռ​ այն ​երաժշտության հետ, որը ստեղծվում է այսօր: Այն նոր մեկնաբանությունների է ենթարկվում, թարմ հնչեղություն է ստանում թատրոնի բեմերում ու կինոդահլիճներում, հաճախ կարելի է լսել ամենաանսպասելի համատեքստում, օրինակ՝ գովազդային հոլովակներում։ Այն մտել է ժամանակակից ձայնային աշխարհ, դա անհերքելի է»:

image2-1.jpeg (7.78 MB)

Անին նկատում է, որ այսօր, հատկապես, լայն տարածում ունի դասական ստեղծագործությունները ժամանակակից ձեւով վերափոխելու միտումը.

«Այնուամենայնիվ, պետք չէ ենթադրել, որ դասական երաժշտությունն իր ավանդական տեսքով մնացել է անցյալում։ Սիմֆոնիկ նվագախմբերի համերգները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում:  Դասական արվեստը ունակ է փոխել մարդու գիտակցությունը, այն խթանում է ինտելեկտի զարգացմանը, բարձրացնում է ընդհանուր մշակութային մակարդակը։ Ժամանակակից հասարակության մեջ մարդուն ներկայացվող պահանջներն անընդհատ աճում են, եւ որքան էլ պարադոքսալ հնչի՝ հենց դասական արվեստն է, որ կօգնի մեզ հետ չմնալ կյանքից»,-համոզված է դաշնակահարուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE