Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելում

22:12   20 մայիսի, 2022

«Օսկար»-ի հավակնորդ Մարգո Ռոբին կգլխավորի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելը: Warner Bros-ի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Եվրոպայում՝ 1960-ականներին։

Ռեժիսոր Ջեյ Ռոուչը, ում հետ Ռոբին աշխատել է «Սկանդալ» դրամայի վրա, ընդգրկված է նախագծում։ Սյուժեի մանրամասներն անհայտ են։ Սցենարը գրում է Քերի Սողոմոնը:

Ստեղծողները պլանավորում են ֆիլմի նկարահանումները սկսել 2023 թվականի գարնանը։ Նախագծին դեռ «կանաչ լույս» չեն տվել, սակայն արտադրությունն ակտիվ նախապատրաստման փուլում է։ «Օուշենի» ֆրանշիզան մեկնարկել է 2001 թվականին՝ Սթիվեն Սոդերբերգի ֆիլմով, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Ջորջ Քլունին եւ Բրեդ Փիթը: Ժապավենն ինքնին Ֆրենկ Սինատրայի մասնակցությամբ 1960-ականների «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռիմեյքն էր:

Ռոբին այժմ զբաղված է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմի նկարահանումներով։  Մինչեւ տարեվերջ թողարկվելու են «Բաբելոն» պատմական էպոսը եւ «Ամստերդամ» կատակերգությունը, որտեղ դերասանուհին խաղացել է գլխավոր դերերը։ Ըստ լուրերի՝ նա կմասնակցի նաեւ «Կարիբյան ծովի ծովահենների» նոր մասում։

Աղբյուրը՝ The Hollywood Reporter

 



© NEWS.am STYLE