Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի Զիգմունդ Ֆրեյդին

16:06   22 մայիսի, 2022

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը կխաղա հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի դերը՝ «Ֆրեյդի վերջին նստաշրջանը» ֆիլմի ադապտացիայի մեջ, որը հիմնված է Մարկ Ջերմեյն ավագի համանուն պիեսի վրա։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ռեժիսորը Մեթ Բրաունն է։

Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Զիգմունդ Ֆրեյդի կյանքի վերջին տարիներին։ Սյուժեի կենտրոնում նրա հանդիպումն է գրող Քլայվ Լյուիսի հետ, որն իրականում չի եղել։ Հերոսները կվիճեն Աստծո գոյության մասին։ Ֆիլմը միահյուսելու է ինչպես իրական, այնպես էլ հորինված իրադարձություններ։ Օրինակ, ֆիլմի հեղինակները կանդրադառնան հոգեվերլուծաբանի եւ նրա լեսբուհի դստեր՝ Աննայի անսովոր հարաբերությունների, ինչպես նաեւ Լյուիսի եւ իր մտերիմ ընկերոջ մոր հետ սիրավեպին։

«Ուզում եմ ստեղծել մի ֆիլմ, որը հանդիսատեսին կստիպի մտածել եւ ուժեղ էմոցիաներ ապրել: Դա կլինի յուրաքանչյուր մարդու համար այնպիսի կարեւոր հարցերի վրա հիմնված ֆիլմ, ինչպիսիք են սերը, հավատը եւ մահը»,- գաղափարը մեկնաբանել է ռեժիսորը։

Նկարահանումները կսկսվեն այս տարի Լոնդոնում։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE