Ծնունդդ շնորհավոր, մաեստրո Ազնավուր. մեծն շանսոնյեն կդառնար 98 տարեկան

09:00   22 մայիսի, 2022

Անմոռանալի։ Մեծանուն։ Մեր մաեստրո։ Շառլ Ազնավուրն այսօր դառնում է 98 տարեկան։ Նա այնքան բան կարողացավ հասցնել՝ գրել եւ երգել 1000-ից ավելի երգ, մեծացնել ու դաստիարակել արժանի զավակների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի  իսկական հայրենասեր լինել…  Բայց ամենակարեւորը, նա կարողացավ մեզ սովորեցնել անկեղծություն եւ մարդասիրություն։ Նայելով, թե ինչ է կատարվում հիմա աշխարհում, մենք համոզված ենք, որ Շառլը չէր լռի. սիրով լի երգերի միջոցով նա կարող էր հասնել մարդկանց, հիշեցնել, թե ինչու են նրանք եկել այս աշխարհ։ Սիրել, ոչ թե կռվել: Ուրիշ ճանապարհ չկա։

Հենց սերն է, որ առկա է մեծն շանսոնյեի ստեղծագործությունների մեջ՝ քնարական եւ հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ…

Ազնավուրը հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով...

Ծնունդդ շնորհավոր, Մեծանուն: Քո կարիքը շատ է զգացվում...



© NEWS.am STYLE