Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական մուլտֆիլմը․ հերոսներին հնչյունավորել են Գարիկ Խարլամովն ու Էլինա Ջանիբեկյանը

18:33   23 մայիսի, 2022

Ռուսական վարձույթում է հայտնվել «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը պատմում է թագավորական ընտանիքի մասին, որն Օլիմպիական խաղերի է գնացել։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Գարիկ Մարտիրոսյանը։

«Հայաստանում իմ ընկերները նկարահանել են «Օլիմպիկոս» («Приключения царя») մուլտֆիլմը, եւ այն արդեն կինոյում է։ Սա հետաքրքրաշարժ պատմություն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի արքան մեկնում մասնակցելու Օլիմպիական խաղերի, նրա հետ Հունաստան է մեկնում նաեւ նրա մեծ, աղմկոտ ընտանիքը։ Նրանք պետք է իսկական թիմ դառնան՝ արքային օգնելու ոչ միայն հաղթել սպորտային մրցություններում, այլեւ պահպանելու գահը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք խանգարել թշնամու դավերին, որը երազում է զավթել իշխանությունը»,- գրել է կատակերգուն։

Մուլտֆիլմի ռեժիսորները Դավիթ եւ Հայկ Սահակյանցներն են՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիները։

Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Գարիկ Խարմալովը, Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Արտաշես Ալեքսանյանը, Զարուհի Բաբայանը, Գրիգոր Բաղդասարյանը, Նարեկ Դուրյանը, Արմեն Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը եւ ինչպես իր ինստագրամյան էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, նաեւ Էլինա Ջանիբեկյանը։

 



© NEWS.am STYLE