Կանացի մտքեր. իմ կյանքի վատագույն ժամադրությունը

23:13   14 նոյեմբերի, 2013

Կատարյալ ժամադրության մասին յուրաքանչյուր աղջկա պատկերացումը տարբեր է: Ոմանց համար այդ ռոմանտիկա է՝ մոմեր, սրտիկներ, ռոմանտիկ ընթրիք, ոմանց համար՝ օդապարիկով թռիչք, մյուսների համար էլ՝ նստարան եւ սոխակի դայլայլ: Բոլորս անհատականություն ենք, բոլորիս երազանքներն ու կյանքի արժեքները տարբեր են:

Չեմ կարծում, որ գտնվի մի կին, ում կյանքում գոնե մի քանի երկրպագու չի եղել: Եվ, բնականաբար, նաեւ ժամադրություն: Գուցե ինչ-որ մեկի համար այդ լավ դաս լինի:

Հիմա՝ տարիներ անց, ամեն ինչ երազի նման է, բայց ժամանակին ես մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ, տղամարդկանց հետ շփվել՝ առավել եւս:

Նրա անունը Դիմա էր: Հայաստանի համար բավական հազվագյուտ անուն: Նա կիսով հայ էր, կիսով՝ ռուս: Ես հավատում էի ռոմանտիկային, հեքիաթային արքայազնին, լուսավոր ապագային: Բնականաբար՝ հալվում էի, երբ երկու շաբաթ շարունակ ամեն օր մեկ հատ կարմիր վարդ է ստանում: Իսկ հետո նա մոտեցավ եւ ժամադրության հրավիրեց:

Լավ է, որ հավատարիմ ընկեր-ընկերուհիներ ունեի, ովքեր նրա հետ մենակ չէին թողնում: Բայց հետո, նրանց համաձայնությունը ստանալով, մենք պայմանավորվեցինք…

Դիմայի հետ պայմանավորվեցինք երեկոյան ժամը 7-ին հանդիպել «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ: Այդ մեր առաջին ժամադրությունն էր, ես սարսափելի ամաչում էի: Բացի այդ, նա գրեթե 8 տարի մեծ էր ինձանից: Իմ այն ժամանակվա պատկերացմամբ՝ իսկական տղամարդ:

Մանկություն մի ընկեր ունեի՝ Գրիգորը: Նա ինձ համար եղբոր նման էր: Նույնիսկ կարող էր գալ մեր տուն, ընթրել մեզ հետ, գիշերել: Իմ հարազատների համար ընտանիքի անդամի նման էր, ես նրանց տանը՝ նույնպես: Նաեւ Լուսինե անունով ընկերուհի ունեի, ով պատրաստվում էր ամուսնանալ: Իսկ նրա ընտրյալը ոչ մի րոպե չէր հեռանում Լուսինեից:

Իմանալով, որ պատրաստվում եմ ժամադրության գնալ, ինձ մենակ չթողեցին: Գրիգորը թաքնվեց մետրոյի առջեւի շենքի մուտքում, Լուսինեն ու նրա Լեւոնը զբոսնում էին շրջակայքում, կարծես մենք ծանոթ չէինք: Հանդիպեցի Դիմային: Չգիտես ինչու՝ նա իրեն ամենեւին էլ ռոմանտիկ չէր դրսեւորում, չէր առաջարկում որեւէ բար մտնել՝ սրճելու: Քայլեցինք Իսահակյան փողոցով: Ես անընդհատ շրջվում էի՝ կարծելով, որ ընկերներս գալիս են մեր հետեւից: Այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային եւ ամեն րոպե միմյանց զանգահարել չէինք կարող:

Լուսինեն եւ Լեւոնը շրջակայքում չկային: Գրիգորը՝ նույնպես: Ես թեթեւակի տագնապ ապրեցի: Հատկապես երբ Դիման սկսեց պատմել իր, իր պարտքերի մասին: Իսկ հետո պարտքով փող խնդրեց: Եվ երկար խոսում էր այն մասին, թե արդյո՞ք աղջիկը պետք է կույս լինի:

Հիմա ես հասկանում եմ, որ պետք էր հեռանալ: Նրան գրողի ծոցն ուղարկել: Բայց այն ժամանակ միամիտ հիմարիկ էի, ում երազանքները Դիմայի յուրաքանչյուր խոսքից ավելի էին փշրվում:

Նա առաջարկեց ինչ-որ տեղ թեյ խմել: Հիշում եմ, որ գրպանումս 3.000 դրամ կար, եւ ես երկար մտորում էի, արդյո՞ք կբավականացնի, որ վճարեմ երկուսիս փոխարեն:

Մենք ինչ-որ հաստատություն մտանք, որն արտաքինից բավական նորմալ փաբի տպավորություն էր թողնում: Բայց նա, չգիտես ինչու, մուտքի մոտ գտնվող ոչ մի սեղանի մոտ չնստեց, այլ ինձ տարավ ներս, ինչ-որ խավար դահլիճ: Իսկ ես հիմարի նման քայլում էի նրա հետեւից: Նստեցի նրա դիմաց, բայց երկու րոպե անց նա կողքիս հայտնվեց:

Ես արդեն կարծում էի, որ գոռալու եւ օգնության եմ կանչելու, եթե փորձի դիպչել ինձ: Եվ հանկարծ… Հանկարծ սեղանի մոտ հայտնվեց Գրիգորը: Նստեց մեր դիմաց: Եվ ես այնքան թեթեւություն զգացի:

Ամեն ինչ լավ ավարտվեց: Երեք րոպե անց Դիման դուրս եկավ ու այլեւս չվերադարձավ: Գրիշան ինձ հետո կշտամբեց: Իսկ Լուսինեն եւ Լեւոնը, ինչպես հետո պարզվեց, մեզ կորցրել էին դեռեւս մետրոյի մոտ:

Ահա սա իմ կյանքի վատագույն ժամադրությունն էր: Իսկ ձե՞զ մոտ: Ձեր պատմություններն ուղարկեք [email protected] հասցեով: Կարծում եմ՝ խմբագրությունն ուրախությամբ կհրապարակի ամենահետաքրքիր նամակները:

Աննա Ավետիսյան



© NEWS.am STYLE