Մոնակոյի արքայադուստր Շարլինն առաջին անգամ մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը

16:03   28 մայիսի, 2022

Մոնակոյի իշխան Ալբերտ II-ի կինը՝ արքայադուստր Շարլինը, առաջին անգամ մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը, որոնք ի հայտ են եկել, երբ նա առանց ամուսնու մի քանի ամիս ապրել է Հարավային Աֆրիկայում։ Այս թեմային կինն անդրադարձել է Monaco-Matin թերթին տված հարցազրույցում։

Շարլինը հերքել է տեղեկությունը, թե մտադիր է ամուսնալուծվել Ալբերտից, եւ ափսոսանք հայտնել, որ մամուլն իրեն թույլ է տալիս նման լուրեր տարածել։ «Մենք միասին քննարկեցինք այդ վատ հոդվածները, եւ նա ամեն ինչ արեց, որ ինձ եւ մեր երեխաներին պաշտպանի», - պատմել է նա:

2021 թվականի սեպտեմբերին արքայազն Ալբերտը հայտարարություն արեց՝ պնդելով, որ իր եւ կնոջ միջեւ տարաձայնություններ չկան: Նա ասել է, որ արքայադուստր Շարլինը Մոնակոյից բացակայել է բժշկական նկատառումներից ելնելով։

Արքայադուստր Շարլինը հոսպիտալացվել է 2021 թվականի մայիսին՝ Հարավային Աֆրիկա կատարած ուղեւորության ժամանակ: Արդյունքում, ի սկզբանե նախատեսված 10 օրվա փոխարեն այցը տեւել է վեց ամիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝ արքայադուստրը չի կարողացել վերադառնալ օտոլարինգիտային վարակի պատճառով, ինչի պատճառով նրան հակացուցված են եղել օդային ճանապարհորդությունները։ Եվրոպական տաբլոիդները պնդում էին, որ նա իրականում փախել է ամուսնուց եւ պլանավորում է ընդմիշտ մնալ Հարավային Աֆրիկայում։

2021 թվականի նոյեմբերի 8-ին արքայադուստր Շարլինը մեկնել է Ֆրանսիա, բայց այդպես էլ չի հայտնվել հանրության առաջ։ Նոյեմբերի 19-ին արքայազն Ալբերտ II-ը հայտարարեց, որ իր կինը գտնվում է Մոնակոյից դուրս գտնվող բժշկական հաստատությունում: Ըստ նրա՝ Շարլինը պատրաստ չէր ո՛չ իր պաշտոնական պարտականությունները կատարելու, ո՛չ ընդհանրապես կյանքին, այդ թվում՝ ընտանեկան կյանքին։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE