«Որքան էլ փորձեն աղավաղել պատմությունը, չի ստացվի». կայացավ «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան

18:35   31 մայիսի, 2022

Երեկ՝ մայիսի 30-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այն ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի 6-րդ մասն է, որը ռեժիսորի մահից հետո կյանքի է կոչել Մարիամ Եգորյանը:

«Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմում ներկայացված են իրական կադրեր, իրական պատմություն ու անհերքելի փաստեր, որոնք կրկին շեշտում են Շուշիի հայկական լինելն ի լուր աշխարհին: Շուշիի պատմության ամենատարբեր դիպվածները հուզում, երջանկացնում ու տխտրեցնում էին հանդիսատեսին, պակաս հուզված չէր նաեւ ռեժիսորը: Մարիամ Եգորյանի խոսքով՝ այս ֆիլմը մարտահրավեր է Հայոց պատմության աղավաղմանը.

IMG_9841.JPG (5.60 MB)

«Չպետք է հոգնենք եւ հուսահատվենք, ընդհակառակը, պետք է աշխարհին ցույց տանք մեր պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, հայապահպանման հիմքերի հիմք՝ հոգեւոր արժեքները»,-ասում է նա:

Ֆիլմում Շուշին ներկայացված է իր քարեղեն վկաներով, ձեռագիր մատյաններով, արարող շուշեցիներով.

«Մեր  նպատակն  է  եւ՛  Հայաստանում, եւ՛  Հայաստանի սահմաններից դուրս հնարավորինս շատ մարդկանց պատմել հայոց մարգարիտ, հայ   Շուշիի մասին։ Որքան էլ փորձեն աղավաղել պատմությունը,  չի ստացվի, քանի որ եղել են, կան եւ կլինեն երախտավորներ, որոնք սուրբ մասունքների պես պահել, պահպանել, թղթին  եւ ժապավենին են հաձնել ու հանձնում պատմության անհերքելի փաստերը»,-հավելում է Մարիամը:

IMG_9819.JPG (5.52 MB)

Շուշին հանդիսատեսին ավելի հստակ ու պատկերավոր ներկայացնելու համար ստեղծագործական կազմը դիմել է նաեւ անիմացիոն լուծումների, ինչը ռեժիսորի խոսքով՝ շատ կարեւոր էր: Անիմատոր-ճարտարապետների մասնագիտական խումբը կազմել է Շուշիի կործանված 4 եկեղեցիների  եռաչափ մոդել: Անիմացիայի պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց եւ Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր  Խորհրդային Արդբեջանի տիրապետության ներքո:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը հետագայում նախատեսում են ներկայացնել փառատոնների:

IMG_9759-1.JPG (6.24 MB)

IMG_9770.JPG (5.66 MB)

IMG_9785.JPG (4.98 MB)

IMG_9809.JPG (3.97 MB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Տիգրան Վանյանի



© NEWS.am STYLE