Մաշկի ամառային խնամքի թոփ 5 սխալները

20:11   4 հունիսի, 2022

Օգտագործում եք «ձմեռային» միջոցներ

Եթե ​​անցյալ ձմռանը ձեզ հաջողվել է գտնել «հենց այն» քսուքը, որը սնուցում, խոնավեցնում եւ հարթեցնում է մաշկը, մի շտապեք ուրախանալ, այն կարող է հարմար չլինել շոգ սեզոնին օգտագործելու համար: Սնուցող բաղադրիչներով եւ յուղերով հագեցած «ձմեռային» ֆորմուլաները կարող են չափազանց ծանր լինել ամառվա համար ու կարող են առաջացնել փայլ, խցանված ծակոտիներ եւ նույնիսկ ճաքեր: Ամառային խնամքի համար լավագույնս համապատասխանում են լեցիտինով, գլիցերինով ու հիալուրոնաթթվով թեթեւ խոնավեցնող միջոցները:

Դուք սխալ եք քսում արեւապաշտպան քսուքը

Արեւապաշտպան քսուքի ամենօրյա օգտագործման անհրաժեշտության մասին արդեն բոլորը գիտեն (եւ ոչ միայն ամռանը), բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես այն ճիշտ քսել։ Շատերը SPF քսուքներն օգտագործում են միայն դեմքին՝ մոռանալով պարանոցի եւ դեկոլտեի մասին։ Այս հատվածների մաշկը ոչ պակաս նուրբ է, քան դեմքը, եւ նույն կերպ պաշտպանության կարիք ունի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։

Դուք արեւապաշտպան քսուքն օրվա մեջ մեկ անգամ եք օգտագործում

Ցանկացած արեւապաշտպան քսուք պահպանում է իր արդյունավետությունն ընդամենը մի քանի ժամ։ Եթե ​​դուք առավոտյան մեկ անգամ քսեք SPF-ը եւ այդ պրոցեսը չկրկնեք օրվա ընթացքում, ձեր մաշկը շուտով կրկին խոցելի կդառնա ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Եթե ​​դուք պլանավորում եք երկար ժամանակ դրսում լինել՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ, ապա պետք է թարմացվի ամեն ժամը մեկ։

Դուք ծանր ու խիտ դիմահարդարում եք անում

Ամառը ձեր մաշկի համար արդեն իսկ դժվար ժամանակ է․ քրտինքը, փոշին եւ SPF-ի մնացորդները խցանում են ծակոտիներն ու թույլ չեն տալիս մաշկին շնչել: Եթե ​​սրան ավելացնեք կոսմետիկայի հաստ շերտ, իրավիճակը շատ տխուր կդառնա։ Եթե նույնիսկ պզուկների հակում չունի ձեր մաշկը, ապա այս պարագայում վտանգն առաջ կգա։ Ամռանն ամբողջովին հրաժարվեք տոնային միջոցներից եւ դիմահարդարման կարիքը բավարարեք վառ շրթներկի կամ ստվերների օգնությամբ։ Բայց, եթե դուք դեռ ցանկանում եք թաքցնել մաշկի որոշ թերություններ, ընտրեք թեթեւ BB քսուքներ: Դրանք այնքան էլ չեն խցանում ծակոտիները, թույլ են տալիս մաշկին շնչել, իսկ որոշները նույնիսկ պարունակում են SPF։

Առավոտյան օգտագործում եք սկրաբներ եւ պիլինգներ

Պիլինգը շատ օգտակար եւ անհրաժեշտ պրոցեդուրա է մաշկի վերականգնման պրոցեսներ սկսելու համար, սակայն խստիվ արգելվում է դրանք անել անմիջապես դուրս գալուց առաջ։ Նույնիսկ ամենամեղմ շերտազատիչները մաշկին միկրովնաս են պատճառում՝ դարձնելով այն շատ զգայուն: Նման մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը կարող է առաջացնել պիգմենտացիա եւ նույնիսկ այրվածքներ, որոնց հետեւանքներից ազատվելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE