Դիմակներ՝ բալի հիմքով

19:12   19 հունիսի, 2022

Տնային պայմաններում դիմակներ պատրաստելու համար կարելի է թարմ բալ օգտագործել, որը կմաքրի, կսնուցի, կխոնավեցնի դեմքի մաշկը եւ երիտասարդ ու թարմ տեսք կհաղորդի դրան։

Սպիտակեցնող դիմակ

Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է 5-6 մեծ բալ, որոնց կորիզը հեռացնելուց հետո պետք է տրորել եւ շիլանայման զանգված ստանալ։ Այնուհետեւ հարկավոր է մի քանի գդալ կիտրոնի հյութ եւ երկու ճաշի գդալ կեֆիր ավելացնել։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո դիմակն արդեն կարելի է քսել մաշկին եւ 15 րոպե անց սառը ջրով լվանալ։

Նշենք, որ դիմակը կիրառելի է մաշկի բոլոր տեսակների համար, պարզապես չոր մաշկի դեպքում պետք է բացառել կիտրոնի հյութի օգտագործումը։

Թարմացնող դիմակ

Բավականին պարզ միջոց մաշկին երիտասարդ եւ թարմ տեսք հաղորդելու համար։  Պատրաստման համար պարզապես հարկավոր է 4-5 բալը (առանց կորիզների) տրորել, խյուս պատրաստել եւ մեկ շերտով քսել դեմքին։ 15-20 րոպե անց կարելի է տաք ջրով մաքրել դիմակը։

 

 

 



© NEWS.am STYLE