Ալբերտ Սեռան՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

18:32   14 հունիսի, 2022

Երեւանի 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է կատալոնացի ռեժիսոր Ալբերտ Սեռան։ Նա հայտնի է «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» (2006թ), «Մահվան իմ պատմությունը» (2013թ.), «Լուի XIV –ի մահը» (2016թ.) և «Ազատություն» (Liberte 2019թ) ֆիլմերով, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

«2007 թվականին ռեժիսորի «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» «Cahiers du Cinéma» կինոամսագրի կողմից ներառվել է տարվա 10 լավագույն ֆիլմերի ցուցակում:  

2013-ին «Մահվան իմ պատմությունը» արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե հովազ» գլխավոր մրցանակին:

2015 թվականին Լոնդոնի Tate Modern արվեստի թանգարանում կայացել է Ալբերտ Սեռայի ֆիլմերի հետհայաց ցուցադրությունը:

«Ազատություն» ֆիլմի համար 2019 թվականին արժանացել է Կաննի փառատոնի «Հատուկ Հայացք» ծրագրի գլխավոր մրցանակին:

«Նկարահանումը նման է դաշտը մշակելիս ծաղիկների փնտրտուքին, իսկ մոնտաժը՝ ծաղկաքաղին»․ Ալբերտ Սեռռա։

Աշխարհով մեկ, բազում կինոքննադատներ որակում են Ալբերտ Սեռայի ֆիլմերը որպես՝ համարձակ և ռադիկալ կինոյի լավագույն նմուշներ»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։



© NEWS.am STYLE