Վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակը․ «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրն է Իլյա Խրժանովսկին

12:05   22 հունիսի, 2022

«Ոսկե ծիրան» փառատոնի հատուկ հյուրն է վերջին տասնամյակների ամենահակասական և աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին:

Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2007թ-ին Խրժանովսկին սկսել է 14 լիամետրաժ ֆիլմերից բաղկացած, ավելի քան 700 ժամ տևողությամբ արվեստային մարդաբանական ԴԱՈՒ բազմաբնագավառ նախագծի նկարահանումը, որի համար զրոյից ստեղծվել է լեգենդար «ինստիտուտ»-ը՝ Եվրոպայում երբևէ կառուցված ամենամեծ նկարահանման հրապարակը:

14 ֆիլմերից երկուսը՝ «ԴԱՈՒ․ Նատաշա»-ն՝ և «ԴԱՈՒ․ Այլասերում»-ը ցուցադրվել են Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ «ԴԱՈՒ․ Նատաշա»-ն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի՝ ակնառու գեղարվեստական ավանդի համար:

Քանի որ «ԴԱՈՒ»-ի երկարաձիգ նկարահանումների ընթացքում ժապավենային դարաշրջանը վերջնականապես փոխարինվեց թվայինով, FUJI ընկերությունը ստիպված էր լրացուցիչ ժապավենի հսկայական ծավալ արտադրել՝ հատուկ «ԴԱՈՒ» նախագծի համար:

Նախագծում Նոբելյան մրցանակակիր Լև Լանդաուի դերը կերտած դիրիժոր Թեոդոր Կուրենդզիսից զատ մասնակցություն են ունեցել նաև Մարինա Աբրամովիչը, Ուիլեմ Դեֆոն, Շարլոթ Ռեմփլինգը, Իզաբել Աջանին, Ֆանի Արդանը, Իզաբել Յուպերը, Ռոմեո Կաստելուչին և ուրիշներ:

2005թ. -ին՝ «ԴԱՈՒ»-ի ռեզոնանսից տարիներ առաջ, Խրժանովսկու դեբյուտային լիամետրաժ ֆիլմը՝ «4»-ը, արժանացել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին։

 



© NEWS.am STYLE