Հայտնի է, թե որ հայ արտիստներն են ելույթ ունենալու երգչուհի ZAZ-ի երեւանյան համերգին

14:31   22 հունիսի, 2022

«ՀԱՅԱ» փառատոնի ամենասպասված համերգներին մնացել են հաշված օրեր․ երեւանյան առաջին մենահամերգով փառատոնը կբացի ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, որի հետ երաժշտական հանդիպումը սպասվում է հունիսի 25-ին՝ Երեւանի Հրազդան մարզադաշտում: 

«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը եւ երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայտնի  դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկը կհնչեցնի նաեւ ZAZ-ի հետ համատեղ ելույթով: 

Համերգային հարթակ դարձած «Հրազդան» մարզադաշտը իր նորացված տեսքով կհյուրընկալի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլեւ՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։ 

Փառատոնի շրջանակում սպասվում են նաեւ համերգներ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի եւ Led Zeppelin Symphonic նախագծի մասնակցությամբ։ 50 Сent-ը հայ հանդիսատեսին կներկայանա հուլիսի 1-ին, Led Zeppelin Symphonic-ը՝ հուլիսի 9-ին: Ըստ փառատոնի հիմնադիր Սոննա Հովհաննիսյանի՝ այսքանով աստղային հյուրերի ցանկը չի սահմանափակվի․ արդեն բանակցություններ կան Հայաստան հրավիրելու նաեւ Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին եւ Շակիրային։

289074585_428986059109784_5322061893719729956_n.jpg (186 KB)

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւափ եւ ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար եւ սեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես: 

«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: 



© NEWS.am STYLE