«Լիովին առողջ եմ եւ շարունակում եմ լարված աշխատել»․ Տիգրան Հեքեքյանի արձագանքը՝ իր մասնակցությամբ վթարին

18:10   22 հունիսի, 2022

«Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել ասոցիացիայի նախագահ, հայտնի դիրիժոր Տիգրան Հեքեքյանի մասնակցությամբ՝ երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած ավտովթարի մասին․

«Քանի որ Մաեստրո Տիգրան Հեքեքյանը ֆեյսբուքյան էջ չունի, խնդրեց զետեղել  հետեւյալը մեր էջում.
«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ եւ երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ եւ շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ  սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի   ֆեյսբուքյան էջից: 

Ջերմ ողջույներով և սիրով՝
Տիգրան Հեքեքյան»,-ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած «Ժոնգ Տոնգ» ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ըստ ֆոտոլրագրողի՝ վթարի հետեւանքով «Toyota»-ի վարորդ Տիգրան Հեքեքյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։



© NEWS.am STYLE