«Ոսկե ծիրանի» Ժյուրիի կազմում է իրաքցի գրող, ակտիվիստ Միրզա Դինային

10:31   24 հունիսի, 2022

Երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան եեւ ակտիվիստ Միրզա Դինային։

Կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ  «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց եւ երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Սադդամ Հուսեյնի իշխանությունից հետո Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ:

2014 թվականի օգոստոսի 12-ին Մի-7 ուղղաթիռը, որում գտնվում էր Դինային, վթարի ենթարկվեց վերելքից մի քանի րոպե անց։ Կոտրված ոտքով և կողոսկրերով Միրզա Դինային ողջ մնաց և տեղափոխվեց Գերմանիա։

Կարճ ժամանակ անց, անվասայլակով, նա վերադարձավ Իրաք՝ այցելելու Խանքեի փրկարարական ճամբար:

2019 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում Միրզա Դինային դարձավ «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր:

 



© NEWS.am STYLE