Գայ Ռիչիի նոր ֆիլմը վարձույթից հանվել է ուկրաինացի գանգստերների պատճառով

22:07   25 հունիսի, 2022

Գայ Ռիչիի նոր մարտաֆիլմը՝ «Operation Fortune» վարձույթից հանել են այն պատճառով, որ ֆիլմում ուկրաինացի գանգստերներ կան, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ժապավենը նկարահանվել է դեռ 2020թ․-ին։ Այն պետք է մեծ էկրաններ բարձրանար այս գարնանը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Ջեյսոն Սթեթհեմը, նա խաղում է լրտես Օրսոն Ֆորչունի դերը։ Ըստ սյուժեի՝ մահաբեր զենքը ձեռք է բերում ուկրաինացի գանգսթերների խումբը։ «Ուկրաինացինե՞ր։ Ես կընդգրկվեմ ուկրաինացիների բանդայի կազմում»,- ժապավենի թրեյլերներից մեկում ասում է Սթեթհեմը։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ մարտաֆիլմը վարձույթից հեռացրել են այն պատճառով, որ դրանում առկա է, ինչպես կարծում են որոշ կինոքննադատներ, ուկրաինացիների բացասական կերպար։ Ռիչին խորհուրդ է տվել փոխել ֆիլմի որոշ տեսարաններ եւ հեռացնել գանգստերների ազգային պատկանելության վերաբերյալ հիշատակումները։

«Ուկարինայում իրավիճակի զգայուն լինելու պատճառով որոշվել է, որ կերպարների մի մասը չպետք է նույնականացվեն որպես ուկրաինացիներ»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ։

Լուսանկարը՝ Matt Baron/REX/Shutterstock



© NEWS.am STYLE