Հղիությունն արհեստականորեն ընդհատելու ցանկության դեպքում Disney-ն ու Netflix-ը կաջակցեն իրենց աշխատակիցներին

14:13   25 հունիսի, 2022

ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտոնապես չեղարկել է «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը, որը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման դիմելու սահմանադրական իրավունքը։ Որոշումից հետո ամերիկյան մի շարք կինոընկերություններ եւ սթրիմինգային ծառայություններ հայտարարել են իրենց աշխատակիցներին աջակցելու որոշման եւ ամերիկյան այլ նահանգներ մեկնելու թռիչքի գումարը ծածկելու պատրաստակամության մասին, ուր հղիությունն արհեստականորեն ընդհատելն օրինական կլինի։

Նախաձեռնությունն աջակցող ընկերությունների ցանկում են Disney-ը, Netflix-ը, Paramount-ը, Warner Bros.-ը, Discovery-ն, Amazon-ը, Sony-ն եւ այլն։ Ընկերություններից յուրաքանչյուրի պայմանները տարբեր են, սակայն գրեթե բոլորը միասնական են բարդ ժամանակներում կանանց օգնելու ցանկության հարցում, հայտնում է Deadline-ը։

ԱՄՆ բարձրագույն դատարանի որոշումը քննադատել են մի շարք հայտնիներ, այդ թվում Վիլոու Դեւիսը, Սթիվեն Քինգը, Թեյլոր Սվիֆթը եւ այլք։

Աղբյուրը՝ Film.ru

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE