Արքայազն Ուիլյամը կատակել է իր ճաղատանալու մասին

17:15   26 հունիսի, 2022

Արքայազն Ուիլյամը կարողանում է ծիծաղել իր վրա։ Եղիսաբեթ Երկրորդի թոռն արդեն վաղուց բախվել է ալոպեցիայի խնդրին, սակայն դա մեծ խնդրի չի վերածում։

Վերջերս Քեմբրիջի դուքսը վարդահարդար եւ կինոոճաբան Մարտին Սեմյուելին հանձնել է Բրիտանական կայսրության պատվավոր շքանշանը։ Վերջինս, ի դեպ, կինոյի բազմաթիվ կուլտային կերպարների հեղինակ է․ Ջոնի Դեփի կերպարանափոխումը Ջեք Ճնճղուկի հենց նրա ձեռքի գործն է։ Սեմյուելը նաեւ երեք անգամ առաջադրվել է «Օսկարի» լավագույն գրիմի եւ սանրվածքի համար։

Մրցանակը ստանալուց հետո Մարտինը ներկայացրել է իր ու արքայազն Ուիլյամի միջեւ զվարճալի խոսակցությունը։ «Դուքսն ասաց․ «Դե, իրականում ես այնքան էլ շատ մազ չունեմ, որոնց մասին կարելի է խոսել»։ Ես եւս անմիջապես ասացի՝ փոխարենը ձեր կինը հիանալի մազեր ունի։ Այս հաճոյախոսությունը դուր եկավ արքայազն Ուիլյամին, եւ նա խոստացավ դա փոխանցել Քեյթ Միդլթոնին»,- պատմել է ոճաբանը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ PA



© NEWS.am STYLE