Վիկտորիա Բեքհեմի ոճի զարգացումը. մաս առաջին

21:14   19 նոյեմբերի, 2013

«Bаmbi Awаrds 2013» ամենամյա 65-րդ մրցանակաբաշխությանը Վիկտորիա Բեքհեմը մրցանակ ստացավ «Նորաձեւություն» անվանակարգում: Մրցանակը նա ստացավ Կառլ Լագերֆելդից, ով հրաժարվում է մրցանակ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր, իր կարծիքով, արժանի չեն դրան: Եվ եթե Chanel-ի վարպետն անձամբ է հավանություն տվել սկսնակ դիզայներին պարգեւատրելուն, ապա այդ եւս մեկ ապացույց է, որ բոլոր խաղաքարտերը միսս Բեքհեմի ձեռքին են:


Վիկտորիա Բեքհեմի դիզայնի հանդեպ բարեհաճություն են ցուցաբերում նորաձեւության աշխարհի բազմաթիվ խոշոր խաղացողներ: Նրանց թվում են Աննա Վինտուրը, Ալեքսանդրա Շուլմանը, Ֆրանկա Սոցանին, Նատալի Մասնեն, Ֆիլիպ Գրինը, Ջեյմս Ջեյ Գոլդը, Հեմիշ Բոուլզը, Սյուզի Մենկեսը եւ այլք: Բեքհեմի ապրանքանիշի նկատմամբ այդպիսի սերն ու ճանաչումը տանում է նրան, որ Վիկտորիան կարող է իրականացնել իր վաղեմի երազանքը` իր անվամբ կայսրության կառուցել:

Բայց քանի դեռ երկար սպասված այդ օրը չի եկել, NEWS.am STYLE-ն առաջարկում է վերադառնալ նախկին երգչուհու՝ ժամանակին ճանաչված Spice Girls խմբի մասնակցի ակունքներին եւ ուսումնասիրել Վիկտորիա Բեքհեմի ոճի զարգացումը:

1996-1997

Աղջիկը, ով նոր-նոր «Շքեղ» մականունն էր ստացել, անում է ամեն ինչ, որպեսզի համապատասխանի իր կարգավիճակին: «Փոքրիկ զգեստ Gucci-ից». ահա այն ժամանակների նոր փոփ-սենսացիան:

1998

Դեւիդի հետ ծանոթությունը չէր կարող չանդրադառնալ Վիկտորիայի ոճի վրա: Այդ տարիներին նա առաջին քայլերն էր անում ոճի փորձարկումների հարցում՝ իր երկար «կարե»-ն փոխարինելով կարճ սանրվածքով: Հենց 1998-ին մենք առաջին անգամ նրան տեսնում ենք մարզաշապիկով, սպորտային համազգեստինով եւ փքված բաճկոնով:

1999

Վիկտորիան հասկանում է շոու-բիզնեսի համը՝ գիտակցելով, որ ինքը ոչ միայն հինգ երգչուհիներից մեկն է, այլ նոր ոճի օրինակելի կերպար: Այդ ուղեկցվում է աննախադեպ քանակությամբ զգեստների, աքսեսուարների, թանկարժեք մեքենաների եւ զարդերի ձեռքբերմամբ: Այդ տարիներին նրանք Դեւիդի հետ սիրում էին հագնել Burberry, Gucci, D&G, Yves Saint Laurent, Versace եւ Armani ապրանքանիշերի հագուստները:

2000

1999 թվականի վերջին Spice Girls խմբի՝ ԱՄՆ ուղեւորության ընթացքում համերգներից ազատ ժամանակ Վիկտորիան անընդհատ շրջում էր շքեղ խանութներով: Հենց այստեղ էլ կարելի է նկատել նորաձեւության աշխարհն ուսումնասիրելու՝ Վիկտորիայի փորձերը:

2001

Մտնելով նորաձեւության սիրահարի դերի մեջ՝ Վիկտորիան սկսում է ծանոթանալ դիզայներների հետ: Նորաձեւության աշխարհում նրա առաջին ընկերներն են դառնում Ռոբերտո Կավալին ու Դոմենիկո Դոլչե եւ Ստեֆանո Գաբբանա դուետը: Այս դիզայներների հագուտով Վիկտորիան դեռ բազմիցս է ներկայանալու հանրությանը:

2002  

Խոսելով Վիկտորիա Բեքհեմի ոճից՝ չի կարելի չհիշել նաեւ հղիության վերջին ամիսներին փորը թաքցնելու նրա յուրահատուկ «տաղանդի» մասին: Տարիներ շարունակ միանգամից մի քանի աստղեր, ովքեր երեխա էին սպասում, նկատվում էր հղի Վիկտորիա Բեքհեմի ոճը: 2002 թվականին Վիկտորիան ցուցադրեց  տաբատային կոստյումների նկատմամբ իր նախապատվությունը:

2003 

Մադրիդ տեղափոխվելը Վիկտորիա Բեքհեմի համար բավական ծանր էր: Իսպանուհիները Վիկտորիային բավական սառն ընդունեցին: Որպեսզի կարողանար ինտեգրվել իսպանական հասարակությանը, Վիկտորիան մազերը ոսկեգույն ներկեց, սկսեց իր ոճին հակասող երկար զգեստներ եւ կիսաշրջազգեստներ հագնել եւ գլխակապ դնել: Դրանից հետո սկսվեց Վիկտորիա Բեքհեմի նոր ոճի դարաշրջանը:

2004

Վիկտորիա Բեքհեմն արդեն հաջող կարիերան, կենսագրություն ունի: Հիմա Բեքհեմներին անվանում են Բրիտանական ոճի խորհրդանիշ: Սակայն երգի ասպարեզում անհատական կարիերան այնքան էլ հաջող չէ եւ ամերիկյան պրոդյուսեր Դեյմոն Դաշը սկսեց զբաղվել Վիկտորիայի կերպարով: Երկու երեխաների մայրը որոշ ժամանակաշրջան վերածվում է R&B ոճի գայթակղիչ աղջկա:

2005

Անհատական կարիերայի տապալմանը հետեւում է մի ժամանակաշրջան, երբ թվում է, թե Վիկտորիան համակերպվում է «ամենից աստղային ֆուտբոլիստի կնոջ» կամ, ինչպես Անգլիայում են ասում՝ կանանց եւ ընկերուհիների՝ WAG կարգավիճակին (Wives and Girlfriends): Սակայն Վիկտորիան թեւաթափ չի լինում եւ շատ շուտով կապեր է հաստատում նորաձեւության արդյունաբերության ներկայացուցիչների հետ, այնուհետեւ դառնում է Ռոբերտո Կավալիի նորաձեւության տան ոչ պաշտոնական դեմքը՝ հանրությանը ներկայանալով անվանի դիզայների ստեղծած հագուստով:

2006

2006 թվականին Վիկտորիայի կյանքում եւս մեկ տղամարդ է հայտնվում՝ Մարկ Ջեյքոբսը: Լեգենդար այս դիզայների անունը շատ շուտով մեծ դեր է խաղում Բեքհեմի՝ որպես սկսնակ դիզայների կայացման գործում: Թվում է, որ WAG կերպարից եւ նախկին փոփ-կատարողից միայն արհեստական արեւահարությունն է մնում, որին Վիկտորիան հավատարիմ է մնում եւս 2 տարի:

2007 

2007 թվականի հունվարի 23-ին Վիկտորիան Chanel Haute Couture-ի ցուցադրության պատվավոր հյուրն էր: Դրան հետեւեց սըր Էլթոն Ջոնի ամենամյա ընթրիքը, որտեղ աստղային հյուրերն ամեն կերպ ձգտում էին ծանոթանալ Լոս Անջելես փոխադրված հանրահայտ անգլուհու հետ: Ընդհանրապես, Լոս Անջելեսը Բեքհեմներին յուրայինի նման ընդունեց: Հոլիվուդյան աստղերը, այդ թվում՝ Դիտա ֆոն Թիզը, Ջենիֆեր Լոպեսը, Եվա Լոնգորիան, Թոմ Քրուզը եւ այլք, կարծես սպասում էին Վիկտորիայի հետ ծանոթանալուն: Ամերիկացիները ջերմ ընդունելության են արժանացնում Բեքհեմների գործակալ եւ գործընկեր Սայմոն Ֆուլլերին, ինչն առիթ է տալիս հետեւություններ անել նորաձեւության աշխարհում Վիկտորիայի առաջընթացի մասին: Հենց այդ տարին էլ կարելի է համարել Վիկտորիայի նոր կարիերայի սկիզբը: Շատ շուտով նա իր անվամբ ջինսեր, արեւային ակնոց եւ օծանելիք է թողարկում: Դրանք մեծ պահանջարկ են ձեռք բերում եւ ահա գալիս է երկար սպասված 2008 թվականը…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Գրեգ Ադամս



© NEWS.am STYLE