Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

11:31   29 հունիսի, 2022

Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է 2021-ի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:

288875413_731078121276800_7064444611262858362_n.jpg (15 KB)

Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, չի բացառվում, որ նվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին:

289973132_453230686617335_6700181982727300008_n.jpg (91 KB)

«Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, որտեղ շատ մեծեր են թաղված»,- կիսվել է նա:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր եւ այլ նախաձեռնություններ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երեւանում:

289909805_427245069283079_1897282100497416213_n.jpg (51 KB)

Ջիվան Գասպարյանը ոչ միայն կարեւորել է բարձրակարգ երաժիշտ լինելը, այլեւ մարդկային բարձր հատկանիշներն ու արժեքները, որոնց շնորհիվ նա մեծ հարգանք է վայելել միջավայրում:



© NEWS.am STYLE