«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Հայաստանում է․ քննարկվել է մրցույթի նախնական կոնցեպտը

13:04   29 հունիսի, 2022

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երեւանում է:

Ըստ Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ։ Քննարկվել են ստեղծագործական եւ տեխնիկական հարցեր:

Մանկական-Եվրատեսիլ (79 KB)

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները. «Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաեւ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձեւավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»:

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը եւ Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը եւ համերգային ծրագրի որոշ մանրամասներ:

Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

 



© NEWS.am STYLE