««Եվրատեսիլ»-ը դեռ հաղթահարված փուլ չէ»․ Ռոզա Լինի՝ հետեվրատեսիլյան տպավորություններն ու մրցույթից հետո գրանցած հաղթանակը

12:08   6 հուլիսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, թեեւ մրցույթն ավարտեց 20-րդ հորիզոնականով, հետմրցութային փուլում գրանցում է նոր հաղթանակներ։ Երգչուհու Snap երգը, որով էլ ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, գլխավորել է Spotify-ի չարթը՝ առաջ անցնելով, նույնիսկ, Իսպանիայի ներկայացուցիչ Շանելի SloMo երգից։ Ռոզան շարունակում է ձայնագրել նոր երգեր, իսկ բոլորովին վերջերս Հրազդան մարզադաշտում իր ելույթով բացեց ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Զազի երեւանյան առաջին մենահամերգը։

NEWS.am STYLE-ը հետեվրատեսիլյան զրույց է ունեցել Ռոզա Լինի հետ՝ անդրադառնալով նրա՝ իրականություն դարձած երազանքին, եվրատեսիլյան արդյունքին, մրցութային տպավորություններին ու նոր նպատակներին։

Չնայած ամբողջ Եվրոպան էր երգրում Հայաստանի երգը, Ռոզան մրցույթի եզրափակչում դարձավ 20-երորդը։ Երգչուհին չհերքեց՝ իր համար, նույնպես, վերջնական արդյունքն անսպասելի էր, թեեւ այսօր Snap-ի գրանցած հաջողությունները ոգեւորում են․

291457290_1124470928485317_1329961751501184866_n.jpg (58 KB)

««Եվրատեսիլի» անսպասելի արդյունքներից հետո տեսնելը, որ Snap-ն ամեն օր մի նոր հաղթանակ է գրանցում տարբեր երաժշտական հարթակներում, ուղղակի, ինձ ապացուցում է, որ ես չեմ սխալվել այդ երգի հարցում․ ես վստահ էի երգի ու մեր արած գործի վրա, ինչը բավական սիրվել էր տարբեր մարդկանց կողմից, եւ հետեվրատեսիլյան շրջանը դրա վառ ապացույցն է, ինչը շատ հաճելի է»։

Ռոզան նշեց, որ չնայած շատ արձագանքների՝ ինքը «Եվրատեսիլ»-ից հիասթափված չէ, քանի որ մրցույթն իր կյանքում անմոռանալի փորձություն է եղել․

«Բոլորը, չգիտես՝ ինչու, ինձ մխիթարում են, ասում՝ դե լավ, բոլորս էլ գիտենք՝ ինչ է «Եվրատեսիլը», անկեղծ ասած՝ ես նեղվում եմ այդ խոսքերից, որովհետեւ, միեւնույն է, «Եվրատեսիլն» ինձ նվիրել է կյանքիս ամենաերջանիկ շրջանը, աննկարագրելի ժամանակ եմ անցկացրել թե ինձ ուղեկցող թիմի, թե այն մարդկանց հետ, որոնց հետ ծանոթացել եմ ընթացքում, եւ ամենակարեւորը՝ ձեռք եմ բերել մեծ փորձ։ Հիմա ամեն օր նամակներ եմ ստանում մարդկանցից, ովքեր նոր երգերի են սպասում, կամ՝ ասում, թե ինչ մեծ նշանակություն ունի Snap-ն իրենց համար։ «Եվրատեսիլն» ինձ թողել է կյանքիս ամենավառ հիշողությունները, եւ դա մոռացնել է տալիս այն, ինչ եղավ վերջին օրը, վերջին պահերին, ինչը նշանակություն չունի, քանի որ հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում Spotify-ի կամ Apple Music-ի չարթերում․ այսինքն, մարդիկ մինչ օրս լսում են Snap-ն, ու իր ամենօրյա դիտումների արդյունքներում այն առաջատարն է եվրատեսիլյան բոլոր երգերի մեջ։ Դա ինձ համար ամենակարեւորն էր՝ ես հասա նրան, ինչի հետեւից գնում էի»։

291593493_5207151032707012_6324639493404498665_n.jpg (104 KB)

Երգչուհին, սակայն, չհերքեց, որ սկզբնական փուլում ինքն էլ է տխրել արդյունքից, բայց Snap-ի հետագա ուղին փոխել է տրամադրվածությունը․

«Անկեղծ ասած՝ բարդ էին առաջին մի քանի ժամերը, հետո սառը գլխով դատելով սկսեցի ավելի թեթեւ նայել իրավիճակին։ Այդ հարցում ինձ օգնում էր նաեւ այն, թե ինչպես էին մարդիկ իմ երգն ընդունում։ Ես պատրաստ էի նրան, որ արդյունքները, գուցե, չհամընկնեին այդ արձագանքների հետ։ Ինչեւէ, այսօր մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր, ինչը շատ ոգեւորիչ է»,-հավելեց նա։

Բացի Snap-ի կատարումներից՝ մրցույթի երկրպագուներին հիացնում էր Ռոզայի՝ հարցազրույցներ տալու ոճը․ շատերն էին նշում նրա անմիջականության ու անկեղծության մասին, բայց քչերը գիտեին, որ Հայաստանի ներկայացուցչի համար նման խենթ առօրյան նորություն էր․

«Առօրյա կյանքում շատ փակ մարդ եմ ու չեմ սիրում մարդաշատ տեղեր, շատ ուշադրություն, բայց այն, ինչ կապված է իմ սիրած աշխատանքի՝ բեմի հետ, բոլորովին այլ մարդ եմ դառնում։ Միշտ օբյեկտիվ եմ գնահատել ուժերս ու ինձ։ Ես պաշտում եմ երաժշտությունը, ու արտիստ լինելն ինձ համար փրկություն է, նաեւ կարելի է ասել՝ առօրյա կյանքից փախուստի մի ձեւ։ Երբեմն ինձ թվում է՝ առօրյա կյանքում ինձ լավ չեմ զգում, ես ես չեմ, իսկ բեմում ամենաերջանիկն եմ դառնում ու զգում եմ, որ այնտեղ եմ, ուր պիտի լինեմ»,-անկեղծացավ երգչուհին։ 

291488855_731674634559970_5126199474175295489_n.jpg (51 KB)

Մրցութային օրերին տպավորիչ էին նաեւ Ռոզայի ու մրցույթում մեկ այլ հայ երգչի՝ Էստոնիան ներկայացնող Ստեֆան Հայրապետյանի կատարումները, հատկապես՝ «Ով, սիրուն, սիրուն» երգի ինքնատիպ քավըրը։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք երգիչները պայմանավորվե՞լ են այլ համագործակցությունների մասին․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Public TV (@armpublictv)

«Ստեֆանի հետ շատ էինք շփվում այդ շրջանում ու, անկեղծ ասած, համատեղ երգ ունենալու մտքեր կային։ Հիմա տարածության պատճառով շատ բարդ է այդ ամենն իրագործելը, բայց ես միշտ պատրաստ եմ ու հաճույքով կհամագործակցեմ նրա հետ։ Ինչ վերաբերում է այլ համագործակցություններին, դրանց մասին առայժմ չեմ ուզում խոսել»,-պատասխանեց երգչուհին, որը վերջերս իր կատարումներով Երեւանում բացեց աշխարհահռչակ արտիստ Զազի մենահամերգը։ Ռոզայի համար սա եւս մեկ ձեռքբերում էր․

«Զազին սիրել եմ դեռ մանկուց, ինձ համար նա լեգենդար երգչուհի է։ Շատ մեծ պատիվ էր նրա համերգի բացումն անելը՝ հատկապես Երեւանում։ Ցավոք՝ նրա հետ շատ շփվելու հնարավորություն չունեցա, բայց հետեւելով ամենին՝ կարող եմ ասել, որ նա ինձ վրա դրական ու անմիջական մարդու տպավորություն թողեց»,-ասաց նա։

r1.jpg (22.03 MB)

Երգչուհին այս շրջանում չի պատրաստվում հանգստանալ․ ունի նոր երգեր ու նպատակներ։ Թեեւ «Եվրատեսիլին» մասնակցելը Ռոզայի՝ կատարված երազանքներից է, այն դեռեւս հաղթահարված փորձություն չի համարում։

«Այս պահին աշխատում ենք նոր տեսահոլովակի շուրջ․ այն իմ նոր սինգլի հիման վրա է։ Մնացածի մասին առայժմ չեմ ուզում խոսել։ Նոր նպատակներ շատ կան․ շատ եմ ուզում Եվրոպայում շրջագայություն սկսել ու կարծում եմ՝ որոշ ժամանակ անց պատրաստ կլինեմ դրան, իսկ «Եվրատեսիլ»-ը դեռ հաղթահարված փուլ չէ»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ռոզա Լինի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE