19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

13:41   7 հուլիսի, 2022

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։

2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք ՄուհիբյանըՍցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։

«Հպարտ ենք, որ Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետություն»-ը  կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի եւ իր ժողովրդի պատմությունը»,- նշում է ֆիլմի սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։

Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։



© NEWS.am STYLE