«Հայկական կինոյում դրական փոփոխություն կա»․ հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանի նոր նախագծերն ու նպատակները

16:31   11 հուլիսի, 2022

Ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը Երեւանում է եւ նորություն ունի․ Հոլիվուդում նկարահանվող մեր հայրենակցին հանդիպեցինք երեկ՝ հուլիսի 10-ին,  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացմանը։ Նա նշեց, որ Հայաստանում զբաղված է 16 մասից բաղկացած սերիալի նկարահանումներով, որի մանրամասներն առայժմ չի կարող բացահայտել․

«Քանի որ ես աշխատում եմ տեսախցիկի առաջ, ոչ թե հետեւում, շատ բաներից տեղյակ չեմ․ միայն կարող եմ պատմել, որ 16 մասից բաղկացած այս ֆիլմը մի հայի մասին է, որը գալիս է Հայաստան՝ իր գործընկերոջ տղային գտնելու նպատակով։ Ես ֆիլմում խոսում եմ հայերեն եւ անգլերեն, եւ, առհասարակ, մի նպատակ ունեմ, որ այս ֆիլմը հասնի Ամերիկա։ Ես այստեղ չեմ եկել գումար աշխատելու համար, երբ գալիս ես Հայաստան, պետք չէ դրա վրա կենտրոնանալ, բայց պետք է դնել նպատակ ու ձգտել հասնել դրան»,-նշեց դերասանը։ Նա նաեւ հավելեց, որ վերջին անգամ հինգ տարի առաջ էր եղել Հայաստանում, ուրախությամբ ընդգծեց, որ մի շարք դրական փոփոխություններ է նկատում հայկական կինոարտադրության մեջ․

292319283_1041985193148391_6383255711181894195_n.jpg (56 KB)

«Հիմա ամեն բան փոխվել է, չգիտես՝ ԱՄՆ-ում ես, թե Հայաստանում, ամեն բանից հասկացող լավ մասնագետներ ունենք, կարծում եմ՝ շեշտը պետք է մի փոքր էլ դնենք դերասանության վրա»։

Քեն Դավիթյանը նկարահանվել է հոլիվուդյան մի շարք նախագծերում, հատկապես հայտնի է 2006-ին էկրաններ բարձրացած «Բորաթ» կատակերգությունից։ Դերասանը նկարահանվել է նաեւ Էլիզաբեթ Բենքսի մասնակցությամբ «Շիկահերը եթերում» ֆիլմում, որտեղ մարմնավորել է տաքսու վարորդին, եւ տասնյակ այլ նախագծերում։

MV5BODg2Mzk0NzU2M15BMl5BanBnXkFtZTgwMjAyNjYxMTE@._V1_.jpg (214 KB)

NEWS.am STYLE-ը դերասանից հետաքրքրվեց, թե ինչ նոր հոլիվուդյան ֆիլմերում իրեն կտեսնենք առաջիկայում․

«Վերջերս Լոնդոնում նկարահանվել եմ միանգամից երեք ֆիլմում, կրիմինալ ժանրի նախագծեր են։ Շուտով վերադառնալու եմ Լոս Անջելես, բայց դեռ չգիտեմ՝ ինչ է ինձ այնտեղ սպասվում»,-ասաց նա։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE