Ինչպե՞ս է ուղեղն իրեն դրսեւորում գնումներ կատարելիս

20:12   21 նոյեմբերի, 2013

Մեծ Բրիտանիայում Բանգորի համալսարանի մասնագետները փորձելու են բացահայտել, թե գնումների ժամանակ ինչ է կատարվում մարդու ուղեղում: Ըստ BBC-ի, դրանում նրանց օգնելու է ՄՌՏ-սքանավորումը: Կամավորների խմբին առաջարկելու են վիրտուալ զբոսանք խանութներում եւ 80 ֆունտ: Նրանց հնարավորություն է տրվելու ընտրել զեղչված եւ սովորական գնով ապրանքներ: Գիտնականները վերլուծելու են գնումների ժամանակ ուղեղի ռացիոնալ եւ էմոցիոնալ աշխատանքը: Ուսումնասիրությունն անցկացվելու է շոփինգ-փորձագետների, խոշորագույն երեք խանութի եւ առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տվյալներ կան, որ մեծ ծավալով տեղեկություն ստանալու դեպքում ուղեղը սկսում է իրեն անտրամաբանական դրսեւորել: Հաճախ նման բան տեղի է ունենում խանութում:

 

Կամավորների 20%-ն ավելի հաճախ ընտրում է հատուկ առաջարկով ապրանքներ, նույնիսկ եթե դրանց գինը բարձրացված է: Այդ հայտնի փաստ է: Փորձագետների խոսքով, սպառողներն իրենց ռացիոնալ են պահում միայն գնումների առաջին 23 րոպեի ընթացքում, իսկ հետո «միանում է» ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է էմոցիաների համար: Արդյունքում փողի նշանակությունը նվազում է, մարդը սկսում է հանպատրաստից որոշումներ կայացնել:

Իսկ արդեն 40 րոպե անց ուղեղը հոգնում է, եւ նրա աշխատանքի արդյունավետությունը, բնականաբար, ընկնում: Այդ ժամանակ ռացիոնալ սկիզբն ամբողջությամբ տրվում է զգացմունքներին: Այս գործընթացի իրական իմաստը բացահայտելուն կօգնի ՄՌՏ-սքանավորումը, որի արդյունքներին էլ գիտնականները սպասում են: Դրանք, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնան առաջիկայում:



© NEWS.am STYLE