H&M-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից

16:12   18 հուլիսի, 2022

Հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների շվեդական H&M ապրանքանիշն ամբողջությամբ լքում է Ռուսաստանը։ Տեղեկությունը հայտնվել է H&M Group-ի պաշտոնական կայքում։

Ընկերությունը հայտարարել է մնացած ապրանքների վաճառքի մասին։ «Հաշվի առնելով ընթացիկ խնդիրները եւ ապագայի անկանխատեսելիությունը՝ ընկերությունն այսօր հայտարարում է երկրում բիզնեսի դադարեցման գործընթաց սկսելու մասին», - ասվում է կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

H&M Group-ի գործադիր տնօրեն Հելենա Հելմերսոնը շնորհակալություն է հայտնել իր ռուս աշխատակիցներին։ «Երախտապարտ ենք բոլորի քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության համար: Բացի այդ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար», - հայտարարության մեջ նշել է նա:



© NEWS.am STYLE