Exclusive. Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ HBO-ի եւ Amazon-ի նոր սերիալներում նկարահանվելու, «Թղթե տան» շնորհիվ ունեցած հաջողության եւ «Ամերիկացի» ֆիլմի մասին

12:08   20 հուլիսի, 2022

«Էմմիի» մրցանակակիր ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գուրջյանի  եւ պրոդյուսեր Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմն այս տարի բացեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ ֆիլմը PEOPLE OF AR Productions-ի արտադրանքն է, որի հիմնադիրը հենց Արման Նշանյանն է: Պատմության գլխավոր հերոսին մարմնավորում է Մայքլ Գուրջյանը, առանցքային դերում կտեսնեք նաեւ Netflix-ի ամենաաղմկահարույց սերիալներից մեկի՝ «Թղթե տան» (La Casa de Papel) հայտնի կերպարին՝ Բոգոտային մարմնավորող մեր հայրենակցին՝ դերասան Հովիկ Կեուչկերյանին։ Դերասանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա լինել Երեւանում կայացած ֆիլմի պրեմիերային, դեռեւս չի դիտել այն, բայց NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում վերհիշել է նկարահանման գործընթացը, առաջին անգամ Հայաստան կատարած իր կարեւոր այցը, ինչպես նաեւ՝ խոսել «Թղթե տունը» սերիալի շնորհիվ ձեռք բերած հաջողության ու նոր նախագծերի մասին, որոնցում ընդգրկված է։

291829969_767014584735920_5066047850924838508_n-1.jpg (37 KB)

«Իրականում, շատ եմ տխրել, որ չկարողացա ներկա լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։ Այո, դեռեւս չեմ դիտել ֆիլմը, քանի որ շատ եմ ցանկանում այն դիտել մեծ էկրանին՝ ֆիլմի հեղինակների ու անձնակազմի հետ»,-նշեց դերասանը։

Հովիկ Կեուչկերյանը ֆիլմում մարմնավորում է Տիգրանին։ Նրա կերպարը մշտապես փորձում է օգնել գլխավոր հերոսին, եւ Հովիկին գրավել է հենց դրական հատկանիշներով, սակայն դերասանը խոստովանեց, որ տվյալ կերպարն իր համար կարեւոր է եղել նաեւ մի շարք այլ գործոններով պայմանավորված․  

«Ինձ համար դա միայն կերպարը կերտելու հարց չէր, այս ֆիլմն ավելին էր։ Դրա շնորհիվ ես առաջին անգամ եղա Հայաստանում, զգացի Հայաստանն իմ արյամբ ու հոգով։ Ինձ համար շատ կարեւոր էր լինել հորս հողում՝ իմ հողում։ Ինչ վերաբերում է կերպարիս, նա շատ ուժեղ է, լավ հարաբերություններ ունի գլխավոր հերոսների հետ, ու ինչ-որ տեղ նաեւ կարողանում է հուզել»։

292229409_584400336370326_5706619265918541119_n.jpg (40 KB)

«Թղթե տան» սիրված հերոսը չհերքեց, որ նկարահանման ընթացքում եղել են նաեւ դժվարություններ՝ պայմանանավորված համաշխարհային պանդեմիայով,-«Հիշում եմ՝ երբ պանդեմիան սկսվեց, եղբայրս զանգահարեց ինձ եւ ծիծաղելով ասաց՝ «Դու այդտեղ՝ Հայաստանում, նկարահանվում ես, ինչպես միշտ քո աշխարհում ես, մի՞թե չգիտես, թե ինչ է կատարվում աշխարհում»։ Պատասխանեցի, որ տեղյակ չեմ, ու նա հայտնեց, որ աշխարհում պանդեմիա է սկսվել․․․ Ես, իսկապես, չէի հասկանում, թե ինչ պիտի կատարվեր, այդպիսով շարունակեցի նկարահանումներս, մինչեւ որ մի օր մայրս զանգահարեց եւ ասաց, որ լավ կլիներ՝ վերադառնայի Մադրիդ, քանի որ բոլոր ճանապարհները պետք է փակվեին։ Այդպես, հանդիպացի Մայքլին եւ թիմի մյուս անդամներին եւ հայտնեցի, որ պետք է վերադառնամ ընտանիքիս մոտ։ Ավելի ուշ, բարեբախտաբար, կարողացա գալ Հայաստան ու ավարտել նկարահանումներս, եւ ես երջանիկ եմ, որ մեր թիմի ջանքերն արդարացվեցին»։

291497880_1352129595273933_4249075143480616070_n.jpg (35 KB)

Ըստ Հովիկի՝ հայկական թիմի հետ աշխատելը հրաշալի փորձ էր։ Նա հիացմունքով է պատմում, թե ինչպես էին բոլորը տարված աշխատանքով՝ չխնայելով ոչ մի ջանք ու եռանդ։ Իհարկե, դերասանի համար հաճելի անակնկալ է եղել նաեւ հայրենակիցների ջերմ ընդունելությունը․

«Շատ տպավորված էի ու երջանիկ՝ տեսնելով, թե որքան էր «Թղթե տունը» սիրվել հայերի կողմից։ Բոլորը շատ հպարտ էին, որ իրենց հայրենակցին տեսնում էին այդ սերիալում, ինչն ինձ համար եւս հպարտանալու առիթ էր»,-նշեց դերասանը, իսկ հարցին՝ արդյոք չի՞ կարոտում հայտնի ֆիլմի նկարահանման հրապարակն ու իր հերոսին՝ Բոգոտային, պատասխանեց,-«Գիտեք՝ չեմ կարոտում, քանի որ կյանքը, կարծում եմ, ժամանակաշրջանների ամբողջություն է, եւ դա ինձ համար մի այդպիսի ժամանակաշրջան էր, որն արդեն ավարտված է։ Անխոս, ինձ համար դա մեծ փորձ էր, իսկ ամենակարեւորն այն է, որ «Թղթե տան» շնորհիվ թե կինոինդուստրիայում, թե աշխարհում ավելի շատ մարդիկ ինձ ճանաչեցին, ինչը թույլ է տալիս, որ հիմա շատ ու շատ այլ լավ նախագծերից նկարահանման առաջարկներ ստանամ»։

294010386_574817990894254_2675453733808926500_n.jpg (83 KB)

Ի դեպ, դերասանը հայտնեց, որ արդեն ավարտել է նկարահանումները հայտնի նախագծերից մեկում եւ սկսել աշխատել մեկ այլ հեղինակավոր հեռուստասերիալում։

«Վերջացրի նկարահանումներս HBO-ի «Գլուխը»(The Head) սերիալի երկրորդ եթերաշրջանում, շատ ուրախ եմ այդ դերի համար, հրաշալի էր աշխատել նաեւ նման նախագծում՝ նման թիմի հետ։ Դեռ չգիտեմ, թե երբ է այն եթերում լինելու, միգուցե՝ Սուրբ Ծնունդին։ Հիմա զբաղված եմ Amazon-ի «Կարմիր թագուհին» (Reina Roja) հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներով»։

294221443_595280828636790_7713123835910183593_n.jpg (55 KB)

Վերադառնալով «Ամերիկացի» ֆիլմին եւ դրա կարեւորությանը՝ Հովիկը հույս հայտնեց, որ ֆիլմի hաղորդագրությունները կհասնեն նաեւ աշխարհին․

«Կարծում եմ՝ հայերի համար, հատկապես, կարեւոր է աշխարհին ուղարկել առանցքային հաղորդագրությունը․ Ֆիլմը հայերի մասին է, բայց ունի համաշխարհային հաղորդագրություն՝ հույսը, ինչն ամենակարեւոր գործոնն է։ Հրաշալի կլինի, եթե աշխարհը դիտի «Ամերիկացի» ֆիլմը ոչ թե որպես ֆիլմ՝ հայերի մասին, այլ նայի դրան, որպես հրաշալի ու անհավատալի աշխատանքի»։

289162257_553367223148375_3327419116502583482_n.jpg (32 KB)

«Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերներն են նաեւ Պատրիկ Մալխասյանը եւ Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Ֆիլմում նկարահանվել են թատրոնից ու կինոյից հայտնի այլ դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան եւ այլք: Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Չարլիի մասին։ Ֆիլմի հերոսը փախուստի հետեւանքով հայտնվում է Միացյալ նահագներում, նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում։ Արդեն հասուն տարիքում Չարլին վերադառնում է Հայաստան, որտեղ նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը, ինչի պատճառով նա հայտնվում է ճաղերի հետեւում։ 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Ամերիկացի» ֆիլմից եւ Հովիկ Կեուչկերյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE