Գնդակահարված ռեփեր JayDaYoungan-ի հայրը կարծում է, որ իր որդուն սպանել են նախանձից

14:12   1 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ում գնդակահարված ռեփեր JayDaYoungan-ի (իսկական անունը՝ Ջավորիուս Սքոթ) հայրը TMZ-ին պատմել է, թե ինչ հանգամանքներում է մահացել իր 24-ամյա որդին։

Նրա խոսքով՝ որդին կոնֆլիկտների մեջ չի մտել գործընկերների հետ, չի հարել բանդաներին եւ, ամենայն հավանականությամբ, չի էլ ճանաչել հարձակվողներին։ Երաժշտի հայրը ենթադրել է, որ ռեփերին կարող էին գնդակահարել նախանձի պատճառով:

Կատարողի ծնողը նկարագրել է նաեւ կատարվածի մանրամասները՝ նա եւ իր որդին նստած են եղել Լուիզիանայում գտնվող իրենց տան բակում, երբ մոտեցել է սեւ բեռնատարը, որտեղից երեք անհայտ անձինք դուրս են վազել եւ կրակ բացել։

Հայր ու որդի փորձել են թաքնվել տանը, սակայն եւս երկու հոգի զենքով փակել են նրանց ճանապարհը։ Ռեփերի հայրը ատրճանակ է ունեցել, որով փորձել է պաշտպանվել։

Հարձակման արդյունքում արտիստի ծնողը երկու կրակոց է ստացել ձեռքին, իսկ ինքը՝ JayDaYoungan՝ առնվազն ութը։ Հիվանդանոցի ճանապարհին նա շատ արյուն է կորցրել, բուժհաստատություն ժամանելուն պես կատարողը մահացել է։



© NEWS.am STYLE