Մյունխենում կայացավ «Հովեր» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

17:31   2 օգոստոսի, 2022

Գերմանիայի դաշնային հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում» (Allerheiligen-Hofkirche), տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Առ քո թեւերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգը, որը նշանավորում էր Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաեւ «Հովեր» երգչախմբի հիմնադրման եւ գործունեության երեսնամյա հոբելյանը։

1 (11).jpg (130 KB)

Համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության եւ արվեստի նախարարությունների հովանու ներքո։

Իրադարձության նախաձեռնողը եւ իրականացնողը EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամն էր՝ աջակցությամբ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Քրիստինե Զասսեի։

1 (1) (1)-1.jpg (149 KB)

«Հովեր» երգչախմբի համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից, որն ընդգրկում էր հայ եւ եվրոպական ժամանակակից եւ դասական խմբերգային ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Սբ․ Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի, էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբուլցյանի, Վաչե Շարաֆյանի, համերգի երկրորդ բաժնում՝ Ք․ Պենդերեցկիի, Վ․ Տորմիսի, Վ․ Բուխենբերգի, Ա․ Պյարտի, Ռ․Մ․ Շաֆերի, Մ․ Օստրժիգայի, Հ․ Շանդերլի ստեղծագործությունները։ Դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան։

1 (12).jpg (119 KB)

Երգչախումբը հիմնադրել եւ ղեկավարում է Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Սոնա Հովհաննիսյանը։

2022 թվականը «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար հոբելյանական է․ լրանում է հիմնադրման եւ գործունեության 30 տարին, որն այս տարվա մարտին նշանավորվեց «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացման պրեմիերայով։

 

 

 

Լուսանկարները՝ Հաննես Մագրշտեթի



© NEWS.am STYLE