Արքայադուստր Դիանայի սիրելի մեքենան աճուրդի է հանվել

16:22   3 օգոստոսի, 2022

Silverstone աճուրդի տունը աճուրդ կանցկացնի, որի ընթացքում կառաջարկի արքայադուստր Դիանային պատկանող 1985 թվականի արտադրության եզակի Ford Escort RS Turbo-ն։ Այդ մասին գրում է  New York Post-ը։

Լեդի Դին վարել է փոքրիկ ընտանեկան մեքենան երեք տարի (1985-ից 1988 թվականներին), մինչ արքայազներ Ուիլյամն ու Հարին փոքրիկ էին: Սակայն թագավորական անվտանգության ծառայությունը ստիպել է նրան այն փոխել ավելի թանկ ավտոմեքենայի մոդելով, որն ավելի մեծ անվտանգություն կապահովի արքայադստեր համար։

Ford Escort մակնիշի ավտոմեքենան վաճառքի է հանվել 40 հազար կմ-ից քիչ վազքով եւ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Չնայած այն հանգամանքին, որ Լեդի Դին ավելի թանկ մեքենաներ է վարել, աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ Ford Escort-ը շատ ավելի արժեքավոր մոդել է եւ կարող է գնվել նմանատիպ մոդելներից երեք անգամ թանկ:

 «Մենք չենք զարմանա, եթե այն վաճառվի 100,000 դոլարով», - ասել է Silverstone Auctions-ի դասական մեքենաների մասնագետ Արվել Ռիչարդսը: Աճուրդը կկայանա օգոստոսի 27-ին։



© NEWS.am STYLE