Ռոզա Լինի Snap երգի տեսահոլովակն ու մրցութային ելույթը՝ «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքի՝ հուլիս ամսվա ամենադիտված տեսանյութերի TOP 20-ում

13:38   5 օգոստոսի, 2022

«Եվրատեսիլ» երգի մրցույթի յութուբյան պաշտոնական ալիքն ամեն ամիս ներկայացնում է տվյալ ամսվա կտրվածքով ալիքում ամենաշատ դիտումները հավաքած 20 տեսանյութերը` դրանց մեջ մտնում են թե մրցույթի՝ տարբեր տարիների մասնակիցների առաջին ու եզրափակիչ օրերի ելույթները, թե տեսահոլովակները, թե ազգային ընտրությունների կատարումները։ 

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւս հայտնվել է հուլիս ամսվա լավագույն 20-յակում, այն էլ՝ միանգամից երկու հորիզոնականում։ Հայ երգչուհու մրցութային առաջին կիսաեզրափակչի ելույթը 17-րդ հորիզոնականում է, իսկ Snap-ի պաշտոնական տեսահոլովակը՝ 9-րդում։ 

Լավագույն եռյակը բացում է Նորվեգիային հաղթանակ բերած Ալեքսանդր Ռիբակը՝ «Եվրատեսիլ 2009»-ում իր եզրափակիչ ելույթով, 2-րդ հորիզոնականում Little Big-ի Uno երգի տեսահոլկովակն է, որով խումբը ներկայացնում էր Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»-ում։ 1-ին հորիզոնականում «Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի ներկայացուցիչ Շանելն է՝ SloMo երգի եզրափակիչ ելույթով։ 

Հիթ շքերթը բացում է այս տարվա մրցույթում Շվեդիայի ներկայացուցիչ Կորնելիա Ջեյկոբսի եզրափակիչ ելույթը, իսկ մրցույթի այս տարվա հաղթողի՝ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խմբի եզրափակիչ ելույթը 4-րդ հորիզոնականում է։

Լուսանկարը՝ EBU/Andres Putting



© NEWS.am STYLE