«Ընկերների» աստղ Լիզա Կուդրոուն խոստովանել է, որ իր համար տհաճ է եղել իրեն էկրանին տեսնել Քորթնի Քոքսի եւ Ջենիֆեր Էնիսթոնի կողքին

13:15   7 օգոստոսի, 2022

Վերջին 30 տարիների ընթացքում «Ընկերները» եղել է աշխարհի ամենահայտնի սիթքոմներից մեկը: Որոշ երկրպագուներ կարծում են, որ նախագծի հաջողությունը պայմանավորված է գլխավոր դերակատարների միջեւ անկեղծ «քիմիայով», որոնք մտերիմ ընկերներ են դարձել ոչ միայն հեռուստաէկրաններին, այլեւ իրական կյանքում։ Միայն թե պարզվում է՝ Լիզա Կուդրոուի համար բավականին անհարմար էր աշխատելը Ջենիֆեր Էնիսթոնի եւ Քորթնի Քոքսի հետ։ Լարված հարաբերությունների պատճառը դերասանուհու բարդույթներն էին։

Այս մասին Կուդրոուն պատմել է «Popcrushed» փոդքաստի ընթացքում։ Լիզայի խոսքով՝ ինքն իր կազմվածքը կատարյալ է համարել այնքան ժամանակ, քանի դեռ իրեն չի տեսել էկրանին Ջենիֆերի ու Քորթնիի կողքին։ Գործընկերների հետ մշտական ​​համեմատությունը բացասաբար է ազդել դերասանուհու ինքնագնահատականի վրա. «Ես նրանց կողքին ինձ պարզապես հսկայական կին էի զգում»։

«Ես գոտկատեղ չունեի, բայց նախկինում դա չէի նկատում։ Ես կարծում էի, թե նիհար եմ եւ կարող եմ հագնել այն, ինչ ուզում եմ: «Ընկերների» շնորհիվ ակնհայտ դարձավ, որ իրականում ես այնպիսի տեսք չունեմ, ինչ մտածում էի։ Դա այնքան տհաճ էր, որ ես սկսեցի անընդհատ մտածել նիհարելու եւ դիետա պահելու մասին »,- նշել է դերասանուհին:

«Չեմ փորձում ասել, որ ավելորդ քաշ եմ ունեցել։ Ես հաստատ գեր չէի, պարզապես չգիտեի իմ իրական կազմվածքի մասին: Ավելի ուշ հասկացա, որ իմ կազմվածքում ոչ մի վատ բան չկա։ Բոլոր բարդույթները գոյություն ունեն միայն մեր գլխում։ Դուք կեղեքում եք ձեզ, թեեւ ոչ ոքի պետք չէ, որ դուք նիհար եւ հայտնի լինեք»,- եզրափակել է նա:

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE