Թեյլոր Սվիֆթի եւ Ջասթին Թիմբերլեյքի տրիումֆը American Music Awards-ում

12:03   25 նոյեմբերի, 2013

Ամերիկյան 23-ամյա քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաղթել է American Music Awards մրցանակաբաշխության «Տարվա արտիստ» անվանակարգում՝ առաջ անցնելով Ռիհանայից, Ջասթին Թիմբերլեյքից, Բրունո Մարսից: Rolling Stone-ի փոխանցմամբ, Սվիֆթը հաղթել է եւս 3 անվանակարգում, այդ թվում՝ լավագույն քանթրի-ալբոմի համար. այդպիսին է ճանաչվել նրա Red սկավառակը:

 

Ջասթին Թիմբերլեյքն առաջադրված էր 5 անվանակարգում եւ հաղթել է երեքում, այդ թվում՝ «Տարվա փոփ/ռոք տղամարդ-արտիստ» անվանակարգում: Մաքլեմոր եւ Ռայան Լյուիս հիփ-հոփ դուետը մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» անվանակարգում:

American Music Awards-ի թեկնածուներին եւ հաղթողներին ընտրել են համացանցային քվեարկության օգնությամբ: Իսկ երեք ժամ տեւողությամբ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Nokia թատրոնում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքով:

Եվ այսպես, ամբողջական ցուցակը:

Քանթրի-երգչուհի եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը մրցանակի է արժանացել 4 անվանակարգում. «Տարվա արտիստ», «Լավագույն ռոք/փոփ արտիստուհի», «Քանթրի ոճի լավագույն կատարող», «Լավագույն քանթրի-ալբոմ»:

 

Երգչուհու համար հեղինակավոր այս անվանակարգում նրա կարիերայի ընթացքում սա արդեն երրորդ հաղթանակն է: Մինչ այժմ նրա գործընկերներից ոչ ոք նման արդյունք չի արձանագրել:

Երեք անվանակարգերում մրցանակ է ստացել փոփ եւ R&B երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, պարող եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքը. «Լավագույն ռոք/փոփ արտիստ», «Լավագույն սոուլ/R&B արտիստ», «Սոուլ/R&B ոճում լավագույն ալբոմ»:

Երկուական մրցանակ են ստացել անգլո-իռլանդական One Direction խումբը («Լավագույն փոփ/ռոք խումբ» եւ «Լավագույն փոփ/ռոք ալբոմ») եւ Մաքլեմոր ու Ռայան Լյուիս դուետը («Լավագույն ռեփ/հիփ-հոփ արտիստներ» եւ «Լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ»):

 

Այս տարի American Music Awards-ի մրցանակների են արժանացել նաեւ. երգչուհի Ռիհանան («Սոուլ/R&B ոճի լավագույն արտիստուհի»), Արիանա Գրանդեն («Տարվա նոր արտիստուհի»), Լյուք Բրայանը («Քանթրիի լավագույն կատարող»), Մարկ Էնթոնին («Լատինաամերիկյան երաժշտության լավագույն  կատարող»), DJ Avicii-ն (Թիմ Բերլինգ - Electronic dance music artist անվանակարգում), Lady Antebellum խումբը («Լավագույն քանթրի-խումբ»), Imagine Dragons խումբը (ալտերնատիվ ռոք), Maroon 5 խումբը (Adult Contemporary անվանակարգ):

Տարվա սինգլ է ճանաչվել Florida Georgia Line դուետի (Բրայան Քելլի եւ Քայլեր Հաբարդ) եւ հիփ-հոփ երգչուհի Նելլիի (Կորնել Իրալ Հայնս) «Cruise» երգը:

ԱՄՆ-ի ամենագլխավոր երաժշտական մրցանակներից American Music Awards-ը հիմնադրվել է 1973 թվականին, Դիկ Քլարքի կողմից, որպես Grammy-ին այլընտրանք: Մրցանակը շնորհվում է համացանցային քվեարկության արդյունքում: Համարում են, որ այդ սկզբունքն առավել օբյեկտիվ է արտացոլում յուրաքանչյուր կատարողի ճանաչվածության իրական մակարդակը: Թեկնածուներին որոշում են՝ հաշվի առնելով սկավառակների վաճառքի ծավալը, տեսահոլովակների դիտումները, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվությունը:



© NEWS.am STYLE