Ինչպես սոխի օգնությամբ արագորեն երկարացնել մազերը

19:16   26 նոյեմբերի, 2013

Սոխն օգտակար բան է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Չիպոլինոն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: Սոխը մազերի միանգամից մի քանի խնդիր է լուծում. կանգնեցնում է մազաթափությունն ու արագացնում դրանց աճը: Եվ, ամենակարեւորը, այս մթերքի ազդեցությունը նկատելի է անմիջապես մի քանի օգտագործումից հետո:

Այն կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում մազերը նկատելիորեն ամուր, խիտ եւ առողջ են դառնում:

Սոխը դրական է ազդում մազարմատների եւ դրանց ակտիվ աճի վրա: Եվ այն բանի շնորհիվ, որ դրա բաղադրության մեջ մեծ քանակությամբ ծծումբ կա, ինչն էլ նպաստում է գլխամաշկի արյան շրջանառությանը: Դրա հետ մեկտեղ, սոխը հակամանրէային եւ հակաբորբոքային ազդեցություն ունի, ինչն օգնում է պայքարել գլխի մաշկի վարակների դեմ, որոնք հաճախ մազերի վատ աճի եւ դրանց վիճակի վատթարացման պատճառն են:

Այս բանջարեղենի մեջ քիչ չեն նաեւ վիտամինները, որոնք համալիր ազդեցություն են ունենում գլխամաշկի եւ մազերի արմատների վրա՝ նպաստելով դրանց առողջացմանը:

Ահա մազերի համար սոխով դիմակի մի քանի բաղադրատոմս, որոնք պարտադիր պետք է փորձեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ամուր եւ խիտ մազեր ունենալ:

Սոխը կոնյակով

Եթե սոխի հոտը տանել չեք կարողանում, կարելի է այն փորձել կոնյակի համադրությամբ: Կոնյակը որոշ չափով նվազեցնում է սոխի սուր հոտը: Դրա համար մանր կտրատած սոխը լցնում ենք բաժակի մեջ, վրան կոնյակ ավելացնում: 10-12 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում: Առավոտյան թուրմը քամում ենք եւ քսում գլխամաշկին:

Սոխի հյութ յուղով

- 2 ճաշի գդալ սոխի հյութ

- 3 ճաշի գդալ յուղ

Սոխի հյութը կարելի է օգտագործել նաեւ յուղի հետ: Այս բաղադրատոմսի համար կարելի է վերցնել ձեռքի տակ եղած ցանկացած յուղ. ձիթապտղի յուղից մինչեւ նուշի կամ գերչակի յուղ, որոնք մազերի խնամքի համար հաճախ են օգտագործվում: Յուղն անհրաժեշտ է խառնել սոխի թարմ հյութի հետ եւ ստացված զանգվածը քսել գլխի մաշկին: Պահել մեկ ժամից ոչ պակաս: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է 2-3 կաթիլ եթերայուղ ավելացնել: Օրինակ` հազրեվարդի կամ թեյի ծառի:

Սոխով շամպուն

- մեկ անգամ լվանալու համար շամպունի չափաքանակ

- միջին չափի սոխի ½ մասը

Սոխը մանրացնել եւ խառնել շամպունին, թողնել 10-20 րոպե, այնուհետեւ այն օգտագործել որպես սովորական շամպուն: Այս պարզ գործողությունը ոչ միայն բարելավում է մազերի աճը, այլեւ դրանք ավելի հարթ եւ փայլուն է դարձնում:

Սոխը կոճապղպեղով

- 2 բաժին սոխի հյութ

- 1 բաժին կոճապղպեղի հյութ

Կոճապղպեղի հյութն առանձին կարելի է օգտագործել մազաթափության դեմ: Բայց այն կարելի է օգտագործել նաեւ սոխի հյութի հետ խառնած, որը կօգնի ավելի դրական արդյունքների հասնել: Հյութերի խառնուրդը պետք է քսել գլխամաշկին՝ թողնելով մեկ ժամից ոչ պակաս:

Եթե կոճապղպեղից չեք կարողանում հյութ քամել, կարելի է օգտագործել դրանից պատրաստված խյուսը: Սակայն պետք է հիշել, որ այդ դեպքում կարող է խյուսը մազերից մաքրելու խնդիր առաջանա: 

Աղբյուրը՝ Delfi Woman



© NEWS.am STYLE