«Միասին կարող ենք»․ Հայաստանում կիրականացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

12:42   12 օգոստոսի, 2022

Օգոստոսի 18-ից 28-ը  Հայաստանում կիրականացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ։

Այս տարի   փառատոնը հանդես է գալիս  նոր խորագրով՝ «Միասին կարող ենք»։

«Ֆրեսկո»-ի նպատակներից է ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը: Փառատոնի շրջանակում  Հայաստան կժամանեն  վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելացի լուսանկարիչ, լրագրող՝ Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) և այլք։

Կայանալիք համերգային ծրագրերին կմասնակցեն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի «Կամերային երգչախումը», «Հովել» երաժշտական նախագիծը և «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ միասին: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձորում օգոստոսի 18-ին։

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն շուրջ 40 միջազգային ֆիլմեր՝ (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա և այլն) խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու ուժը:

Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, աջակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

 



© NEWS.am STYLE